Բաժիններ՝

Եփրատից արևելք ԱՄՆ-ի ներկայությունը կհանգեցնի լարվածության աճի. Զարիֆ

ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի անվտանգության գոտում կհանգեցնի այս տարածաշրջանում լարվածության աճի: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 2-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Եփրատից արեւելք ընկած շրջանում ԱՄՆ-ի ներկայությունը կհանգեցնի Սիրիայում բնակվող տարբեր ցեղերի միջեւ տարաձայնությունների սաստկացման: Ուստի մենք Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը համարում ենք անօրինական, քայքայիչ եւ տարածքային ամբողջականությունը խախտող»,-ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկրի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտու ստեղծման շուրջ անցկացված բանակցությունները:

Զարիֆը նշել է, որ Թեհրանի համար անընդունելի են Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ներկայությունն օրինականացնելու բոլոր փորձերը:

«Մենք հասկանում ենք մեր թուրք ընկերների անհանգստությունն իրենց սահմանները եւ ժողովրդին պաշտպանելու հարցում, բայց մենք կարծում ենք, որ այդ անհանգստությունը վերացնելու լավագույն ճանապարհը համագործակցությունն է Սիրիայի կենտրոնական կառավարության հետ եւ աշխատանքը միջազգային իրավունքի շրջանակներում՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս