«Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Nouvelle d’Arménie ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Արցախի հետ հարաբերություններում նկատվող սառնության ու Արցախի իշխանությունների հետ տարաձայնությունների մասին հարցին:

«Կարծում եմ՝ կոռեկտ չէ ասել, թե Արցախի հետ մեր հարաբերությունները սառել են, քանի որ ամեն օր տասնյակ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են, աշխատում են միասին։ Պետք է հստակ նշել՝ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր հետեւանքներով, որ դա կարող էր ունենալ։ Այսօր Հայաստանում նոր իշխանություն է, եւ, բնական է, որոշակի հարցերում կա դիսոնանս։ Անհրաժեշտ է գործել այդ անհամաձայնությունները վերացնելու համար։ Լավագույն միջոցը դրան հասնելու՝ եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են Արցախում։ Այդ ընտրությունների արդյունքում, որոնք կլինեն ազատ եւ ժողովրդավարական, այդ անհամաձայնությունները դուրս կգան»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը վստահեցրել է, որ Արցախի հետ Հայաստանի հարաբերությունները լավ են զարգանում, և որ բարելավումները Արցախում պետք է նույն կարգով եւ տեմպով լինեն, ինչ Հայաստանում։

«Միասնականությունը պետք է մարմնավորվի նախեւառաջ քաղաքական ու հանրային ներդաշնակությամբ։ Այժմ, անհրաժեշտ է հաստատել ներդաշնակություն քաղաքական ոլորտում, Հայաստանի եւ Արցախի միջեւ քաղաքական բովանդակության մեջ ես պետք է ասեմ, որ համոզված եմ՝ Հայաստանի եւ Արցախի հասարակությունները ներդաշնակության մեջ են, մնում է ներդաշնակեցնել կառավարման համակարգերը»,- ասել է նա:

Փաշինյանը շեշտել է, որ անցել են այն ժամանակները, երբ «խնդիրները թաքցվում էին ու միայն կենացներ էին ասվում»:

Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունները այսօր խոսում են ուղիղ, ամենայն անկեղծությամբ և գործում են:

Տեսանյութեր

Լրահոս