Իրանը միջուկային գործարքի շուրջ Թեհրանի և Փարիզի դիրքորոշումների մերձեցում է արձանագրել
Միջուկային գործարքի իրականացման շուրջ Թեհրանի եւ Փարիզի դիրքորոշումները մոտեցել են: Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում (Իրանի եւ Ֆրանսիայի) նախագահների միջեւ տեղի են ունեցել լուրջ բանակցություններ: Բարեբախտաբար բազմաթիվ հարցերի վերաբերյալ տեսակետները մոտեցել են»,- ասել է Ռաբիին, որի խոսքը մեջբերված է Իրանի կառավարության կայքում:
Օգոստոսի երեսունմեկին երկու երկրների ղեկավարները՝ Հասան Ռոուհանին եւ Էմանուել Մակրոնը, հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Իրանի նախագահը հայտարարել է, որ սեպտեմբերին Թեհրանի կողմից պլանավորված միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլը շրջելի կլինի, ինչպես եւ նախորդ փուլերը:
Իրանը հայտարարել է 2015 թվականին կնքված գործարքով իր ստանձնած պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Համաձայնագրի եվրոպացի մասնակիցները փորձում են պահպանել գործարքը:
Վերջին մի քանի ամսում Իրանը եւ Ֆրանսիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, մասնավորապես, տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցերը Թեհրան, ինչպես նաեւ` մի շարք հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների միջեւ, որոնց ընթացքում շեշտը դրվել է միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրության վրա՝ Թեհրանի կողմից դրա գծով պարտավորությունների կատարման կրճատման լույսով. կողմերը նաեւ փոխանակել են համաձայնագրի իրագործմանն ուղղված առաջարկություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: