«Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի առջև». Ռոբերտ Քոչարյան

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին:

Շնորհավորելով Արցախի Նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, Նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում:

Ռ. Քոչարյանը նաև հանդես է եկել արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի արցախցիներ, ​Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: ​28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն:

Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն:

Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման: ​

Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը:

Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին: ​

Սիրելի հայրենակիցներ, ​

Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին:

Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին:

Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև: ​

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»:

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
2 սեպտեմբերի
2019 թ

Տեսանյութեր

Լրահոս