
Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում իրավիճակը լարված է. Բողոքի ակցիա են իրականացնում դպրոցի լուծարմանը դեմ ծնողներն ու մանկավարժները

Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում իրավիճակը լարված է. ծնողներն ու մանկավարժական կազմի մի քանի ներկայացուցիչներ բողոքում են ԿԳՄՍ նախարարության ծանուցումը՝ դպրոցը լուծարելու մասին:
«Մայիսին ստացել ենք ծանուցում, որ պետք է դարձվի հանրակրթական դպրոց, սակայն երկու օր առաջ տեղեկացել ենք, որ պիտի լուծարվի դպրոցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մանկավարժներից մեկը:
ԿԳՄՍ ներկայացուցիչը նշեց, որ խնդիրը դպրոցի լուծարումը չէ, այլ այն, որ Հանրակրթության մասին օրենքով Հայաստանի Հանրապետությունն անցնում է համընդհանուր ներառման.
«Լինելու են բժշկամանկավարժահոգեբանական կենտրոններ, որոնք սովորական դպրոցներում աջակցություններ են ցույց տալու: Այդ դպրոցներից մեկն է թիվ 16 դպրոցը: Այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, կառավարության որոշում չկա:
Հարցին, թե այս դպրոցը նաև գիշերակացի խնդի՞ր էր լուծում, ԿԳՄՍ ներկայացուցիչը պատասխանեց. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված գիշերօթիկ դպրոց հասկացություն չկա»:
Ապա հավելեց, որ Կրթության նախարարությունը կրթության խնդիրներն է լուծում, իսկ սոցիալական մասը սոցապնախարարության տիրույթում է:
Դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանը նշեց, որ տեղեկացվել են, որ դպրոցի հետ կապված փոփոխություններ պետք է լինեն և դպրոցը պետք է դառնա թիվ 201 հիմնական հանրակրթական դպրոց:
Ծնողներից մեկը, սակայն, բողոքեց, որ գիշերօթիկի լուծարումով հարյուրավոր ծնողներ են մնալու անգործ:
Զարուհի Դիլանյան