
Երկրպագուն հացադուլ է հայտարարել սիրված սերիալի ավարտվելու պատճառով

Netflix-ի «ОА» միստիկական սերիալի գործազուրկ երկրպագուի կյանքում մինչ այժմ չկար միայն աշխատանք, իսկ այժմ չկա նաեւ սիրված սերիալը. ինչն էլ կնոջը դրդել է հացադուլ հայտարարել ընկերության գլխավոր գրասենյակի մոտ:
«ОА»-ի՝ գիտական ֆանտաստիկայի, գերբնականի եւ ֆենթեզիի տարրերով հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը մեկնարկել է 2016 թվականին: Երկրորդ եթերաշրջանից հետո ընկերությունը հայտարարել է նախագիծը փակելու մասին, ընդ որում՝ առանց պատճառները բացատրելու:
Սերիալի փակումն այն աստիճան է զայրացրել 35-ամյա Իմպերիալ Յանգին, որ նա որոշել է պիկետ անել Հոլիվուդում Netflix-ի գրասենյակի մոտ: The Independent հրատարակությանը տված հարցազրույցում ամերիկուհին պատմել է, որ կինոն իր համար դարձել է հոգեւոր սնունդ, իսկ Netflix-ն այդ սնունդն իրենից խլել է:
«Զվարճալիքը սնունդ է հոգու համար, եւ Netflix-ում այժմ դա չեն հասկանում: Ուստի ես հրաժարվում եմ ֆիզիկական սնունդ ընդունել: Ես ցույց եմ տալիս, որ այդ սերիալն ինձ համար ավելի կարեւոր է, քան իսկական կերակուրը»,-ասել է Յանգը:
Ուշագրավ է, որ Իմպերիալ Յանգը միայնակ չէ «OA»-ի վերաթողարկումը տեսնելու իր ցանկության հարցում: Համացանցում նույնիսկ հանրագիր է հայտնվել, որով պահանջվում է շարունակել սերիալը. այն ստորագրել է գրեթե 100 հազար երկրպագու, հաղորդել է Sputnik-ը: