Կառավարությունն ուշացնում է Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու պահանջի պատասխանը

Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում ևս իրականացվում են տարբեր ակցիաներ՝ Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու պահանջով։
Ակցիաներից մեկն էլ ստորագրահավաքն էր, որը կազմակերպիչները դեռևս ապրիլին ներկայացրել էին Կառավարությանը։

Նախաձեռնության անդամներից «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ նամակը Կառավարություն են ողարկել 16.000 ստորագրությամբ, որից հետո հանդիպել են վարչապետի համապատասխան բաժնի խորհրդականի հետ։

«Հանդիպման ընթացքում զրուցել ենք, որին խորհրդականը դրական արձագանք է տվել։ Դրանից հետո արդեն երեք ամիս է անցել, և մեր պահանջի պատասխանն ուշանում է։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից Լեոնիդ Ազգալդյանին Արցախի հերոսի կոչում շնորհելը համարենք փոքրիկ քայլ դեպի մեր պահանջը։ Այդ հարցին մենք անդրադառնալու ենք Ամուլսարի խնդրից հետո»,- շեշտեց Գեղամ Օհանյանը։

Ինչ վերաբերում է Լ. Ազգալդյանի անունով փողոց անվանակոչելու պահանջին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դրա հետ կապված որևէ նորություն չունեն: Նա նշեց, որ այս պահին իրենց պահանջն Ազգալդյանին ազգային հերոսի կոչումն շնորհելն է։

«Տեղյակ եմ, որ վերջերս Ազգալդյանի անունով Դավիթաշենում դպրոց է անվանակոչվել։ Հերոսի կոչում շնորհելու մեր պահանջն անբեկանելի է, լիահույս ենք, որ այդ կոչումը կշնորհվի՝ մենք պահանջատեր ենք»,- եզրափակեց Գեղամ Օհանյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս