«Փաշինյանն ամեն օր ուժեղացված կերպով գնում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտի․ հարց է, թե երբ կկայանա Պուտինի այցը Հայաստան»

«Փաշինյանը Պուտինի հետ մերձենալու որևէ փորձ չի արել»,- այս մասին այսօր 168am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր ուղղված ծննդյան շնորհավորանքի համատեքստում։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակային շնորհավորական նամակ է հղում Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս տարվա նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։

Փորձագետների մի ստվար հատվածը Պուտինի՝ Քոչարյանին ուղղված շնորհավորանքը դիտարկում է՝ որպես աջակցություն ՀՀ երկրորդ նախագահին, որը ներկայումս անազատության մեջ է։ Այս գործոնը, ըստ հայ և ռուս վերլուծաբանների, ստվերել է հայ-ռուսական հարաբերությունները։

Ուշագրավ է, որ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող տարաձայնությունների ֆոնին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, որին, ի թիվս այլ պետությունների ղեկավարների, նախատեսվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին հայտարարել էր, որ այցի ընթացքում Պուտինի հետ նաև աշխատանքային քննարկում կանցկացնի: Հունիսին այդ տեղեկությունը հաստատել էր նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ հոկտեմբերին ակնկալվում է ՌԴ նախագահի այցը ՀՀ։ Վերջին շրջանում ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն այս այցը դեռ չեն հաստատել, և Հայաստանում դեռ կասկածներ կան այս այցի կայացման վերաբերյալ։

Մոդեստ Կոլերովը համաձայն չէ ՀՀ-ում շրջանառվող այն կարծիքներին, թե ՀՀ վարչապետ Փաշինյանը փորձել է հարթել Քոչարյանի գործի պատճառով երկու երկրների ղեկավարների միջև առաջացած հակասությունները՝ Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելով՝ դրանով իսկ փորձելով աջակցել Ռուսաստանի գործողությանը Սիրիայում։ Նա նշեց, որ հումանիտար առաքելությունը Սիրիայում 100%-ով համընկնում է ՀՀ իշխանությունների պաշտոնական հռետորաբանության հետ, որ նրանք շատ անհանգստացած են Սիրիայում հայ համայնքի դրությամբ։

«Ուստի սա սիրալիր քայլ չէ՝ ուղղված Պուտինին, այլ ՀՀ իշխանությունների հայտարարած անհանգստությունների ն ուղղված քայլերի իրականացում, պարտավորությունների իրականացում։ Այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշեց դառնալ համայն հայության առաջնորդը, տարօրինակ կլիներ, եթե համայն հայության առաջնորդը չաջակցեր Սիրիայի հայերին։ Սա աջակցություն չէ Պուտինին, Պուտինը կարող է գլուխ հանել առանց երկու-երեք-չորս Հայաստանի։ Սա ՀՀ իշխանությունների համար հնարավորություն էր՝ լցնել սեփական հռետորաբանությունն իրական բովանդակությամբ։ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներից հենց Սերժ Սարգսյանն է առաջինը հրապարակային կերպով առաջարկել սեփական օգնությունը Պուտինին Սիրիայում։ Դա Փաշինյանը չի արել։ Ես չեմ նկատել Փաշինյանի փորձերը՝ մերձենալ Պուտինի հետ, նման փորձեր չեն եղել»,- նման կարծիք հայտնեց Կոլերովը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա համոզմամբ՝ Ռուսաստանը տվել է Փաշինյանին հսկայական, մաքսիմալ հնարավոր ավանս՝ քաղաքական և ռազմական։ Նա հիշեցրեց, որ արդեն չորս օր անց այն բանից հետո, երբ Փաշինյանը «վերցրեց» իշխանությունը, Հայաստան ժամանեց ռուսական ռազմատեխնիկական առաքելությունը, որը շարունակեց աշխատանքները Հայաստանին արտոնյալ պայմաններով սպառազինություն մատակարարելու շուրջ։

«Վերջ, ավելի լուրջ ձեռքբերումներ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի ունեցել։ Ավելին՝ Փաշինյանը ուղիղ և կոպիտ ձևով ոչ մեկ անգամ մերժել է անձամբ Պուտինի անհանգստությունները Քոչարյանի գործի վերաբերյալ»,- ընդգծեց Կոլերովը։

Նա նաև հիշեց «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքի մասին՝ ասելով, որ, եթե կարդաք այդ ալիքը, որը, նրա համոզմամբ, ծառայում է իշխանությանը, այդ ալիքի ոճաբանությունը, կոչերը, հրապարակումները, հույսերը Ռուսաստանում փաշինյանական հեղափոխության շարունակության հետ, ապա կարելի է հասկանալ, որ Փաշինյանի պրոպագանդան թշնամական է Պուտինի հանդեպ։

«Ես կարծում եմ, որ սա իրենց ռացիոնալ, մտածված գիծն է։ Մենք վերցնում ենք Ռուսաստանից արտոնյալ սպառազինություն, քանի դեռ դրա կարիքն ունենք։ Ներկայումս դրված է խնդիր՝ ձևավորել սեփական ռազմարտադրությունը և ոչ միայն ստեղծել, այլև դուրս գալ արտաքին շուկա։ Այսինքն՝ դառնալ ռազմատեխնիկական մրցակից ռուսական սպառազինությանը։ Սա ակնհայտ է, հիմարներ չկան, մենք կարդում ենք մեր աչքերով։ Ուստի, ես կարծում եմ, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի ձեռքբերում չունի, մերձեցում Պուտինի հետ չկա»,- ասաց ռուսական «Ռեգնումի» խմբագիրը։

Հարցին, թե կկայանա՞ արդյոք ՌԴ նախագահի այցը ՀՀ, Կոլերովն ասաց, որ մեր առջև է գլխավոր հարցը, թե երբ հստակ կկայանա նման այց։ «Հայտարարված էր մի ժամկետ, սակայն չի հաստատվել։ Չգիտեմ՝ կգա, թե չի գա։ Հարց է՝ երբ կկայանա, կամ կկայանա մոտ ապագայում ընդհանրապես, և ընդհանրապես ինչ կլինի այդ հանդիպման օրակարգում»,- նման անհանգստություն հայտնեց Կոլերովը։

Նա նշեց նաև, որ չունի տեղեկատվություն, որը հաստատում է հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ այցը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին, իսկ դա արդեն պետք է իմանալ։

«Պատրուշևը ժամանել էր, Փաշինյանն իրեն Պատրուշևի հետ ագրեսիվ դրսևորեց, նրա մոտ տպավորություն է, թե «Աստծո մորուքից է բռնել», իր մոտ ամեն ինչ լավ է, եթե Ռուսաստանը շարունակում է ռազմատեխնիկական համագործշակցությունը։

Նա կարծում է, թե դա նշանակում է, որ ինքը հաջողել է Ռուսաստանի հետ, դա անպատասխանատու, էգոիստական և ծիծաղելի դիրքորոշում է։ Ռուսաստանը շարունակում է այդ համագործակցությունն  առաջին հերթին՝ գործընկերային պարտավորությունների իրականացման համար, շարունակում է համագործակցել ոչ թե Փաշինյանի, այլ պետության և ժողովրդի հետ, դա ամենակարևորն է։ Ռուսաստանը շարունակում է և ամրապնդում է այս համագործակցությունն Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանման համար։ Ռուսաստանն ավանս է տրամադրում Փաշինյանին և անտեսում է Փաշինյանի հայտարարությունը Սփյուռքի միջոցով հետախուզություն իրականացնելու և այլնի մասին։ Փաշինյանն ամեն օր ուժեղացված կերպով գնում է Ռուսաստանի հետ կոնֆլիկտի, քանի որ համոզված է, որ Ռուսաստանը որևէ տեղ չի կորի։ Դա վատ կոնտեքստ է Ռուսաստանի հետ հարաբերությունների համար»,- ասաց Կոլերովը։

Տեսանյութեր

Լրահոս