«Վարչապետը տարբեր հրավերներ է ստանում, և ինքն է որոշում՝ որոնք ընդունել». Վլադիմիր Կարապետյան
Այսօր «Ժամանակ» թերթն անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստան չմեկնելու պատճառներին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու և այնտեղ սեպտեմբերի 3-5-ը կազմակերպվող տնտեսական համաժողովին չմասնակցելու որոշումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Լեհաստան չմեկնելու որոշումների հետ:
Ըստ թերթի դիվանագիտական աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման հանդիպման կազմակերպումը՝ նկատի ունենալով, որ փետրվարին Լեհաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և հեռացող նախագահի հետ իմաստ չունի երկարաժամկետ օրակարգ քննարկելը:
«Հիշեցնենք, որ Բրոնիսլավ Կոմարովսկին նախապես հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակում պետք է այցելի Հայաստան և Ադրբեջան, սակայն Հայաստան այցը չեղարկվել էր, ԼՀ նախագահն այցելեց միայն Ադրբեջան, որտեղ մեզ համար խիստ մտահոգիչ հայտարարություններ արեց: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը մտադիր էր ԼՀ նախագահին հանդիպել՝ քննարկելու նաև Լեհաստանի դիրքորոշումը Արցախի հարցում»,- գրել էր թերթը:
Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թերթի տեղեկությունը հավաստի չէ. «Չի համապատասխանում իրականությանը: Վարչապետը տարբեր հրավերներ է ստանում, և ինքն է որոշում՝ որոնք ընդունել»:
Զարուհի Դիլանյան