Բաժիններ՝

«Վարչական լծակ է գործի դրվում». Ինչո՞ւ են ուզում աշխատանքից հեռացնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ  ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչին

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի եղբայր Գևորգը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ իրենց մյուս եղբոր՝ Արման Գրիգորյանի մասին:

Նա մասնավորապես գրել էր. «Գիշերը մի երազ տեսա… երազումս եղբորս ուզում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բաժանմունքի վարիչի պաշտոնից և առհասարակ աշխատանքից ազատել` պատճառաբանելով, որ ես առողջապահության նախարարի վարած քաղաքականությունը քննադատում եմ, բայց իմ վրա ազդեցության լծակ գտնել և լռեցնել չեն կարողանում…

Ասում են, որ ամռան վերջին օրվա տեսած երազները իրականանում են, բայց դե հավատս չի գալիս, որ էտ աստիճան անճար են, որ կտեղափոխեն բովանդակային և գաղափարական պայքարը անձնական դաշտ: Տեսնենք, թե երազահաններն ինչ կասեն»:

Կապ հաստատեցինք Գրիգոր Գրիգորյանի հետ՝ պարզել համար, թե այս «երազը» որքանո՞վ կապ ունի իրականության հետ:

«Ճիշտն ասած, ես դեռ չգիտեմ: Եղբորս չեմ տեսել, պարզապես գրառումն եմ կարդացել: Ուրեմն ինչ-որ մի ինֆորմացիա միգուցե կա, միտումներ նույնպես, բայց, եթե նման բան եղավ, ուղղակի կնշանակի, որ ճնշում է գործադրվում, վարչական լծակ է գործի դրվում ու դա կապված է իմ և մյուս եղբորս գործունեության հետ:

Արմանը գրեթե 25 տարի է՝ այդ հիվանդանոցում է աշխատում, Հանրապետության լավագույն բժիշկներից մեկն է, ապաքաղաքականացված մարդ է: Նա մեզ ոչինչ չի ասել, բայց չեմ բացառում, որ ճնշում լինի՝ հաշվի առնելով այն, թե ով է ղեկավարում այդ հիվանդանոցը: Ես դա չեմ բացառում:

Արմանը քաղաքական գործընթացներին երբեք չի խառնվել, միակ դեպքը եղել է այն ժամանակ, երբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արա Մինասյանին հեռացնում էին աշխատանքից: Դրսում բողոքի ակցիա էր ու հիվանդանոցի աշխատանքը պարզապես կաթվածահար էր եղել: Իջնելով ներքև՝ նա նկատողություն արեց՝ նշելով, որ հիվանդանոցի աշխատանքը կաթվածահար են արել:

Ընդ որում, այդ օրը մեքենայի ճանապարհը փակել էին, իսկ հիվանդներն իրեն էին սպասում, ուստի Դավթաշենից ոտքով է Մասիվ գնացել, որ հասնի, հիվանդներին փրկի: Իր այդ միակ ելույթը, որտեղ ամոթանք տվեց վարչախմբին, որ նման բան են կազմակերպել, միգուցե դեր է խաղացել:

Աստված չանի, որ սա իրականություն դառնա: Ես չեմ ուզում հավատալ, որ այդքան ցածր մակարդակի են մարդիկ իջել: Սակայն, եթե նման բան լինի, մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, մատնանշելու ենք սխալները: Մենք կոնկրետ անձի դեմ չենք պայքարում:

Իսկ եթե սա են պատճառ համարում ու փորձում ճնշում գործադրել, միանշանակ ասում եմ, որ դա չի տալու իրենց ցանկացած արդյունքը: Մեզ հետ նման ձևով խոսելն անիմաստ է: Իմ եղբայրը երբեք որևէ պատմության մեջ ներգրավված չի եղել, սխալ չի կատարել: Տեսել ենք, թե քանի մարդու կյանք է փրկել ու շոյված ենք մեզ զգացել, ինչ սեր ու հարգանք է վայելում հիվանդների ու կոլեկտիվի մոտ: Բայց, եթե նման բան կա, ապա դա միանշանակ քաղաքական ճնշման փորձ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս