«Որևէ ճնշում չի եղել, պարոն Ռուբինյանի հետ մենք քննարկել ենք միանգամյան կառուցողակն բաներ». Էդգար Առաքելյան
Օգոստոսի 29-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքայն իր էջի միջոցով տեղեկացրել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը:
«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:
Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով»,- գրել էր Էդգար Առաքելյանը։
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքայն էջում անդրադարձել է Էդգար Առաքելյանի որոշմանը՝ գրելով, որ թերևս Է. Աառաքելյանին, որպես մարդ չի հասցրել լավ ճանաչել, սակայն լսել է նրա հապարակային ելույթները.
«Դու չունես ենթաօրակարգ, ենթաթիմ, այլ տարբեր ենթաներ։ Իմ համար 131- ից դու առաջինն ես, 87- ից՝ նույնպես։ Վստահ եմ, որ այս որոշումը կայացնելիս թեթևություն ես զգացել, կարծես մի մեծ բեռ են ուսերցդ վերցրել։ Բայց էդ բեռը հետո կա՛մ չի բաշխվի որևէ կերպ, կա՛մ հավասարապես չի բաշխվի։ Դու ցանկանում ես թողնել մի դեր, որի կրողը չկա։ Քո տեղը չի լրացվի, այն դատարկ կմնա։ Ու էդ դատարկ տեղը քեզ ամբողջ կյանքում կճնշի, ինձ ու իմ նման մտածողներին մենակ թողնելը քեզ հանգիստ չի՛ տա։ Իմ համար քո հեռանալը փախուստ է․․․ մենակությունից»,- գրել է Վ. Կարապետյանը։
168.am-ի հետ զրույցում Էդգար Առաքելյանը նշեց, որ արդեն կարդացել է գործընկերոջ գրառումը և նրան կպատասխանի, իսկ հրապարակային ոչինչ չի ասի։
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, որ պատգամավորական մանդատից հրաժարվել է ճնշման ներքո, քանի որ ընդդիմացել է վարչապետին, Էդգար Առաքելյանն ասաց, որ հրաժարականի պատճառների մասին արդեն գրառում կատարել է և լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։
«Պաշտոնապես հերքում եմ «Հրապարակ» թերթի այսօրվա հոդվածի ամբողջ բովանդակությունը, այդ թվում՝ կապված իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ։ Այդ ամենն ամբողջովին հորինված է, որևէ ճնշում չի եղել, պարոն Ռուբինյանի հետ մենք քննարկել ենք միանգամյան կառուցողակն բաներ՝ խմբակցության և քաղաքական ուժի ապագայի հետ կապված»,- եզրափակեց Էդգար Առաքելյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ ««Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարվել է մանդատից «պատժիչ» գործողությունների շրջանակներում՝ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար։
Զվարթ Խաչատրյան