Բաժիններ՝

Ուգանդայում մահացել է էբոլայով հիվանդացած 9-ամյա աղջիկը

Ուգանդայում մահացել է իննամյա այն աղջիկը, որը վարակվել էր էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսով: Այդ մասին հայտնել է Independent տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով արեւելաաֆրիկյան այս պետության առողջապահության նախարարությանը:
Ինչպես հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Բեռնարդ Օփարը, երեխան մահացել է օգոստոսի 30-ի առավոտյան: Մահացածի հայրն ասել է, որ ինքը եւ իր կինը դեռեւս գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ուգանդայում հայտնաբերել են էբոլայով հիվանդանալու նոր դեպք: Նախարարության տվյալներով՝ հիվանդությունը հայտնաբերվել է ինը տարեկան աղջկա մոտ, որը օգոստոսի 28-ին իր մոր հետ Ուգանդա էր ժամանել հարեւան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից (ԿԴՀ), որտեղ հիվանդության բռնկում է գրանցվել: Հուլիսի առաջին կեսին Ուգանդայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ իշխանություններին հաջողվել է կանգնեցնել էբոլա վիրուսի տարածումը: Այն ժամանակ երկրում տենդից մահացել էր երկու մարդ:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ էբոլայով վարակվել է 28,6 հազար մարդ, մահացել է ավելի քան 11,3 հազար հոգի:

Էբոլայի ներկայիս բռնկումը ԿԴՀ-ում սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով մահացածների թիվը հասել է 1,39 հազարի: 2019 թվականի հուլիսին ԱՀԿ-ն Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի բռնկումը որակել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս