Բաժիններ՝

«Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանի համար միևնույն է` «ՍանիՏեքը» կաշխատի՞, թե՞ ոչ». Դավիթ Խաժակյան

«ՍանիՏեք» ընկերությունը քաղաքապետարանից իրեն տրամադրվող գումարը 300 մլն դրամով  քիչ է ստացել, այս մասին երեկ հայտարարություն է տարածել ընկերությունը։

«Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմիննների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «ՍանիՏեքի» կողմից ծառայությունների մատուցումը։ Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն դրամ։ Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,- հայտնել է ընկերությունը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանի համար միևնույն է՝ «ՍանիՏեքը» կաշխատի՞, թե՞ ոչ։

«Կարծում եմ՝ այդ տուգանքները համայնքային հիմնարկների բյուջեի պակասուրդը ծածկելու համար են։ Քանի որ մենք ավագանիով գումար նախատեսեցինք, բայց երբ զգում են, որ դա բավարար չէ՝ կիրառում են լրացուցիչ տուգանք։ Ակնհայտ է, որ  «ՍանիՏեքը» դեռևս կատարում է որոշակի գործառույթներ, քաղաքապետարանն էլ իր մասով է գործառույթներ կատարում, սակայն երկուսի չհամագործակցված աշխատանքը բազմաթիվ խնդիրների է բերում քաղաքում, ինչը տեսանելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով հարցին, թե քաղաքապետարանն ընկերությանը տուգանելով՝ արդյո՞ք կլուծի աղբահանության խնդիրը։

Ըստ Դ. Խաժակյանի, կոսմետիկ առումով վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը կարողանում է գոնե առաջնային փողոցներում իրավիճակը պահել կայունին մոտ, սակայն, երբ հերթը հասնում է բազմաբնակարանային շենքերի աղբատարներին, քաղաքապետարանն ասում է, որ աղբահանությունը  «ՍանիՏեքն» է իրականացնում, քանի որ շենքերում իրավիճակը շատ ավելի վատ է, քան փողոցներում։

«Երբ խոսում ենք սանմաքրման մասին, այսինքն՝ այն աշխատակիցների, որոնք փողոցներն են մաքրում, կրկին ասում են, որ այն «ՍանիՏեքն» է իրականացնում։ Այս փաստարկը նշանակում է, որ դեռևս մի քանի ամիս տարբեր խնդիրների առումով լսելու ենք քաղաքապետարանի այդ պատճառաբանությունը, որովհետև նոր աշխատողների հավաքագրում, ովքեր կիրականացնեն սանիտարական մաքրում՝ քաղաքապետարանը չի անում։ Ստացվում է, որ քաղաքապետարանն իր վրա վերցրել է պարզապես փողոցների աղբահանության հարցը, որպեսզի Ֆեյսբուքում քիչ նման նկարներ հայտնվեն։ Թվում է՝ այդպիսով բավարարվել են, քանի որ հաջորդին վերաբերող քայլեր չի իրականացնում»,- շեշտեց Երևանի ավագանու անդամը։

Հարցին՝ քաղաքապետարանը «ՍանիՏեքի» հետ պայմանագիրը չի խզում տույժ և տուգանքներից խուսափելո՞ւ համար, թե՞ այլ պատճառներ էլ կան, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ պատճառները կարող են բազմաթիվ լինել, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանի հարցազրույցներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տույժ ու տուգանքների խնդիր առհասարակ չկա, միայն սպասում են, որպեսզի իրենց սեփական տեխնիկան համալրվի։

«Կարծում եմ՝ իրենք այստեղ այդքան էլ անկեղծ չեն, որովհետև սանմաքրման ծառայությունը վերցնելու համար դեռևս քայլեր չեն իրականացվել, այսինքն՝ «ՍանիՏեքի» աշխատակիցների մեծ մասը սանմաքրում են իրականացնում, իսկ քաղաքապետարանը դեռ չի հավաքագրում, ինչը նշանակում է, որ առնվազն սանմաքրման մասով «ՍանիՏեքը» դեռ երկար ժամանակ շարունակելու է իր գործունեությունն իրականացնել»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի մեկ տարվա գործունեությանը, քանի որ սեպտեմբերի 23-ին լրանում է Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին, Դավիթ Խաժակյանն ասաց, որ վատատեսական պատասխաններ չի հնչեցնի, քանի որ թողնելու է, որպեսզի մեկ տարվա աշխատանքը գնահատեն քաղաքացիները։

«Ես մատնանշում եմ խնդիրները, որոնք շատ են և ավելի են շատացել Մարությանի պաշտոնավարման ընթացքում։ Երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքացիները գոհ են, ասում են, թե՝ ոչինչ, աղբը շատ է՝ կհավաքեն, մի չորս տարի էլ կսպասենք։ Եթե մարդկանց այս ամենը բավարարում է, լավ է, ինչ ասեմ»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս