Շունը տերերին փրկել է հրդեհից և ողջ-ողջ այրվել
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սենտ Լուիսիի օկրուգում շունը տերերին փրկել է հրդեհից եւ զոհվել: Այդ մասին հաղորդել է TCPalm-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին: 68-ամյա Ֆրեդ Դոնհիան պատմել է, որ Դենիս անունով իր շունը գիշերվա կեսին սկսել է հաչել, մինչ ամբողջ ընտանիքը քնած է եղել: Տղամարդն արթնացել է եւ տեսել, որ խոհանոցն այրվում է: Նա արթնացրել է կնոջը եւ երեխային, նրանց հետ դուրս վազել տնից եւ կանչել փրկարարներին: Տեղ ժամանած փրկարարներին հաջողվել է մեկ ժամում մարել կրակը: Նրանք փրկել են Դոնհիայի տնային ճագարին, բայց ոչ նրա շանը:
«Դա ողբերգություն էր: Դենիսն այնքան լավն էր: Եթե նա չլիներ, մենք երբեք չէինք իմանա հրդեհի մասին, Շունը փրկեց մեր կյանքը՝ դրա համար վճարելով սեփական կյանքը»,- ասել է ամերիկացին:
Դոնհիայի որդուն տարել են հիվանդանոց, ընտանիքի մնացած անդամները չեն տուժել: Այժմ նրանք ապրում են ազգականների մոտ: Հրդեհի պատճառը հետաքննվում է: