Բեռնափոխադրող մի քանի ընկերություններ տեղափոխվել են արտերկիր
Միջազգային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու արդյունքում որոշակի խնդիրներ էին առաջացել արտերկրում կատարվող ծախսերի փաստաթղթավորման հնարավորությունների հետ կապված, մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ-ը չի ճանաչում ռուսական ՀԴՄ-ն: Գործարարները պնդում են, որ շուտով, հարկային փոփոխությունների հետևանքով հայկական բեռնափոխադրող ընկերություններն անմրցունակ կլինեն ռուսական ու վրացական գործընկերների համեմատ։ Արդյունքում՝ հայկական բեռնափոխադրող ընկերությունները սկսում են տեղափոխվել ու գրանցվել արտերկրում՝ օրենսդրական ավելի բարենպաստ համակարգից օգտվելու նպատակով։
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրը լուծման փուլում է։
«ՀՀ կառավարությանը խնդրել ենք, որ քանի որ մեր ավտոմեքենաների մեծ մասը ծախսերը կատարում են Ռուսաստանում՝ և՛ վառելիքի լիցքավորում, և՛ վերանորոգում, այնտեղ խանութից գնված ապրանքի համար կատարված ծախսն ընդունվի այստեղ և կտրոնները ֆիսկալ փաստաթղթեր համարվեն։ Եվ կարծես այս առաջարկը կառավարությունն ընդունել է»,- ասաց Հ. Համբարձումյանը։
Ըստ նրա՝ իրենք դիմել էին ՀՀ ֆինանսների նախարարությանը, որն էլ առաջարկ է ներկայացրել կառավարությանը.
«Կարծում եմ՝ այդտեղ խնդիր չի լինի»։
Հ. Համբարձումյանի խոսքով՝ նույնը վերաբերում է մյուս երկրներում կատարված ծախսերին, և եթե դրանց համար փաստաթուղթ է ներկայացվում, ՊԵԿ-ն այն ընդունելու է։
Ասոցիացիայի ղեկավարը հաստատեց, որ կան բեռնափոխադրողներ, որոնք իրենց բիզնեսը տեղափոխել են և գրանցվել այլ երկրներում՝ Վրաստան, Ռուսաստան, անգամ Եվրոպա։ Սակայն, ըստ նրա, դրա պատճառը միայն ծախսերի հետ կապված այս խնդիրը չէ.
«Ավելի լուրջ խնդիրներ կան։ Այլ երկրների հարկային օրենսդրությունը շատ ավելի լոյալ ու թեթև է, քան մեր երկրում։ Դրա համար գնում են այնտեղ, որտեղ հեշտ է աշխատելը, հարկային դաշտն ավելի թեթև է, ավելի քիչ հարկ են մուծում»։
Ամեն դեպքում, բիզնեսների այս «արտագաղթը» սկսվել է այս տարվանից։ Նա նշեց, որ նախորդ տարիներին նման երևույթ չկար. «Այս տարի արդեն մի քանի դեպք գիտեմ, որ գնացել են»։
Հայաստանից հեռացած կազմակերպությունների անուններ Հ. Համբարձումյանը հրաժարվեց նշել։