Apple-ը նոր iPhone-ների շնորհանդեսի հրավեր է ուղարկել լրագրողներին
Apple ընկերությունը լրագրողներին շնորհանդեսի հրավեր է ուղարկել, որը սեպտեմբերի 10-ին կկայանա Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ) Apple Park մասնաշենքի տարածքում գտնվող Սթիվ Ջոբսի թատրոնում։
Ինչպես ճշտում է Apple Insider պորտալը, որը մասնագիտանում է այս ընկերության արտադրանքի վերաբերյալ նորությունների բնագավառում, միջոցառմանը կներկայացվեն iPhone սմարթֆոնի նորացված մոդելները: Պորտալը ներկայացնում է հրավիրագրի պատկերը, որի վրա արված գրությունը հայտնում է, որ միջոցառումն սկսվելու է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին):
Պորտալի այն ենթադրությունը, թե ընկերությունը կցուցադրի նոր iPhone-ներ, հաստատվում է գոյություն ունեցող պրակտիկայով. 2012 թվականից սկսած՝ Apple-ն իր սմարթֆոնի նոր մոդելները ներկայացնում էր հենց սեպտեմբերի կեսերին:
Apple Insider-ին հաջողվել է անունները չնշված սեփական աղբյուրներից որոշ լուրեր հավաքել ապագա նորույթի բնութագրերի վերաբերյալ: Դրանք, սակայն, ավանդաբար պաշտոնական հաստատում չեն ստացել, քանի որ ընկերությունը ջանում է ինտրիգը պահպանել մինչեւ վերջին պահը: Ըստ պորտալի տվյալների, Apple-ը մտադիր է ներկայացնել iPhone-ի երեք մոդել՝ բյուջետային տարբերակը՝ LCD-էկրանով, ինչպես նաեւ առաջատար սմարթֆոնի մեծ եւ փոքր տարբերակները՝ OLED- էկրանով:
Նորույթի գլխավոր տարբերությունն այն մոդելների համեմատությամբ, որոնք ներկայացվել էին 2018 թվականին, այն է, որ սարքերի հետեւի պանելի վրա հայտնվելու է լրացուցիչ խցիկ: Այսպես, թանկարժեք տարբերակներն ունենալու են երեք խցիկ, իսկ բյուջետայինը՝ երկու: The Verge պորտալն իր հերթին նշում է, որ միջոցառմանը կարող է նաեւ ներկայացվել MacBook նոութբուքի նոր մոդելը՝ 16 դյույմ անկյունագծով, տիտանից պատրաստված Apple Watch սմարթ-ժամացույցը, ինչպես նաեւ iPad Pro պլանշետային համակարգչի նորացված տարբերակը:
Բացի այդ, ինչպես նշում է հրատարակությունը, ընկերության ներկայացուցիչները կպատմեն ծառայությունների բնագավառի նորամուծությունների, այդ թվում՝ սթրիմինգային Apple TV+-ի մասին: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է մոտավորապես 950 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: