Բաժիններ՝

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել համատեղ կյանքի կոչված ծրագրերը և համագործակցության հետագա ուղիները:

Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի կազմակերպության մարդասիրական գործունեության համար՝ նշելով, որ բոլոր ուղղություններով մեր երկու կառույցները իրականացնում են արդյունավետ և գնահատելի աշխատանք:

Ֆելիքս Ցոլակյանն հրատապ խնդիրներից հատկապես անդրադարձավ երկիրը պատուհասած հրդեհներին՝ նշելով, որ այս տարի հրդեհների թիվը և դրանց ընդգրկած մակերեսները ուղղակի աննախադեպ են:

Հրդեհաշիջման աշխատանքները կատարելու համար հաճախ կարիք է լինում, որպեսզի հրշեջ-փրկարարական աշխատանքներին մասնակից դառնան ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Թեև հրդեհների դեմ պայքարն այսօրվա ամենատեսանելի և օպերատիվ կանխարգելման խնդիրն են՝ ԱԻ աշխատակիցները կարողանում են պատշաճ կատարել նաև իրենց մյուս գործառույթները:

Ըստ նախարարի՝ շատ կարևոր է ուսուցանումը, որովհետև բացառապես գիտելիքներ ունեցող մարդը կարող է օգտակար աշխատանք կատարել, իսկ գործին չտիրապետողը նույնիսկ առաջին բուժօգնության ժամանակ կարող է վնասել:

Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը խիստ կարևորեց միջազգային լավագույն փորձի փոխանցումը:

Քլեր Մեյթրոն, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է կատարել ստանձնած պարտավորությունները:

Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ Տավուշի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ համայքներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր միջոցներով կառուցում է հավաքատեղիներ, որտեղ մարդիկ անհրաժեշտության դեպքում կարող են պատսպարվել:

Ըստ Քլեր Մեյթրոյի, այդ կառույցները չեն փոխարինում ապաստարաններին, բայց կարող են որոշակիորեն անվտանգության առումով նվազեցնել ռիսկերը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին առաջիկայում նախանշել հաջորդ տարվա անելիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս