Դեսպանահավաքը չափազանց լավ առիթ է ավելի լայն խոսելու մեր արտաքին քաղաքականության մասին. ԱԳ նախարար
Երևանում անցկացվող դեսպանահավաքը չափազանց լավ առիթ է՝ ավելի ընդարձակելու, ավելի լայն խոսելու մեր արտաքին քաղաքականության մասին՝ Կառավարության ծրագրի իրականացման մեր այդ ներուժը լավագույնս օգտագործելու համար: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով այս օրերին անցկացվող դեսպանահավաքին։
«Սա առաջին համաժողովն էր Թավշյա հեղափոխությունից հետո, առաջին համաժողովն էր նաև նոր կառավարության ձևավորմանը հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո:
Մենք ձևավորել ենք Կառավարության ծրագիրը, որի մեջ արտահայտված է արտաքին ոլորտը։ Մենք ձևակերպել ենք այդ բոլոր գերակայությունները։ Կարծում եմ այս համաժողովն անցկացնելը չափազանց լավ առիթ է՝ ավելի ընդարձակելու, ավելի լայն խոսելու մեր արտաքին քաղաքականության մասին՝ Կառավարության ծրագրի իրականացման մեր այդ ներուժը լավագույնս օգտագործելու համար: Սա լավ առիթ է և՛ մեր միջազգային գործընկերների, և՛ մեր հասարակության, և՛ մեզ համար, և՛ իմ գործընկերների համար, ովքեր իրականացնում են կառավարության ծրագիրը, և՛ տեղերում, և՛ կենտրոնական ապարատում, և՛ դեսպանություններում, ավելի հստակեցնելու այն, ինչ բխում է Կառավարության ծրագրից, այն, ինչ արտահայտվել է կառավարության ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի կողմից տարբեր առիթներով, այն, ինչ արտահայտվել է իմ՝ Արտաքին գործերի նախարարի և կառավարության մյուս անդամների կողմից՝ ծրագիրն իրականացնելու, ամփոփելու և ավելի հստակ, ընկալելի դաշտ բերելու նպատակով: Եվ այստեղից է բխում, որ մենք առաջնորդվում ենք արժեքներով, մենք ունենք ազգային շահեր, արժեքներ գործողության մեջ, որոնք նպատակ ունեն սպասարկելու Հայաստանի ազգային շահերը միջազգային ոլորտում, այս փոփոխվող աշխարհում։ Նաև հստակեցրինք սկզբունքները՝ ինքնիշխանության, համահայակականության և փոխգործակցության առումով։ Մեր նպատակն է՝ հստակեցնելու արտաքին քաղաքականության մեթոդը, սկզբունքները, գերակայությունները։ Ե՛վ վարչապետի ելույթում, և՛ իմ ելույթում մենք նաև ավելի ընդարձակ խոսեցինք թե՛ աշխարհագրական և թե՛ մեր թեմատիկ գերակայությունների մասին։
Ցանկանում եմ նորից կրկնել, որ շատ կարևոր է ընդգծել և հատուկ անդրադառնալ նրան, որ մեր արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերություններում մեր ներգրավումը սպասարկում է Հայաստանի ազգային շահը, մեր ներքին ռեսուրսի բարելավումը և ուժեղացումը՝ միջազգային համագործակցությունն օգտագործելու ճանապարհով»,- նշել է Մնացականյանը։