Տնտեսագետը՝ Ամուլսարի խնդրի, Արմեն Սարգսյանի լռության և աղմկահարույց ձերբակալության մասին

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպումը սկսեց այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ Ամուլսարի խնդրով:  Ըստ նրա՝ այս հարցում վեճն ընթանում է տնտեսագետների և բնապահպանների միջև, և բնական է կարծիքների տրամաբանորեն իրար հակասումը:

«Բնապահպանները մտածում են էկոլոգիական վնասի մասին, տնտեսագետները՝ հնարավորություններ, նոր եկամուտներ մոբիլիզացնելու, տնտեսական զարգացումը խթանելու մասին։

Սակայն այստեղ երկու կողմի վեճից բացի՝ ակնհայտ է, որ Ամուլսարի կտրվածքով բազմաթիվ շահեր կիզակետվել են, ոչ միայն ներքին, այլ նաև դրսի, և այս պարագայում  յուրաքանչյուրն իր մեկնաբանությունն է տալիս՝ իր տեսակետը հիմնավորելու համար, բայց բոլոր պարագաներում ես հասկանում եմ, որ Ամուլսարի շահագործումը ոչ մեծ երկրի համար էկոլոգիական առումով վտանգ է ներկայացնում»,- ասաց տնտեսագետը։

ԱԺ նախկին պատգամավորն արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե հնարավո՞ր է համարում այն մեկնաբանությունները, թե իշխանությունները Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծված աղմուկից հասարակությանը շեղելու համար են նոր աղմկահարույց ձերբակալությունների գնում, նշեց.

«Ցանկացած ժամանակ հասարակության մեջ կա որոշակի շերտ, որոնք վերջերս ստացել են «Պողոս» անունը, երբ չափազանց լավ են զգում, որ ուրիշին վատ է լինում։ Հիմա այս զանգվածին (որը, ըստ էության, իշխանափոխության աջակիցներն են) պահելու համար կարելի է ամենազանազան ձերբակալություններ իրականացնել՝ առանց առարկայական հիմնավորումների, թե ինչի համար»:

Թեմայի շուրջ ՀՀ Նախագահի լռությունը տնտեսագետը բնական համարեց՝ նկատելով, որ, եթե իսկապես շահագրգիռ կողմ է, ապա թաքնված վիճակը հարմար վիճակ է նրա համար.

«Գիտեք՝ ինչ, եթե նախագահն իսկապես շահագրգռված անձ է, բացարձակապես տարօրինակ չէ, որ ինքը լուռ է մնում, իհարկե, ցանկանալով, որ կատարվի, այն, ինչ ինքն է ուզում»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս