«Պարզ էր, որ Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի հայտնվելու ԱԺ օրակարգում». Լիլիթ Մակունց
«Արձակուրդից հետո սա խմբակցության առաջին պաշտոնական հանդիպումն է, և քննարկելու ենք այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են մեր օրակարգում: Նաև առանձին հանձնաժողովներ կներկայացնեն կատարված աշխատանքները: Կտեսնենք՝ ով ինչ առաջարկներ կունենա օրակարգ մտցնելու հետ կապված»,- այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ստամբուլյան կոնվենցիան ինչո՞ւ որոշվեց հետաձգվել: Ի պատասխան՝ Մակունցն ասաց, որ եթե հիշենք, թե ինչ ընթացակարգերով պետք է անցնի կոնվենցիան, ենթադրվում էր, որ այդպես էլ պետք է լինի.
«Եթե նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ նրանցից պատասխան գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի ՍԴ-ում, այնուհետև նոր կհայտնվի ԱԺ օրակարգում, այնպես որ պարզ էր, որ շուտ չի լինելու և զարմանում էի՝ ինչու է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»:
Հարցին՝ Սահմանադրական դատարանի նախագահի հետ կապված հարցը կքննարկվի՞ սեպտեմբերին, նա պատասխանեց. «Ես այդ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել: Ոչինչ չեմ բացառում»: