Գագիկ Խաչատրյանի պաշտպանը բողոքարկելու է ձերբակալման որոշումը

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը բողոքարկելու է նրա ձերբակալման որոշումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանական խմբի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ չի տեսնում Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ձերբակալումը որպես խափանման միջոց ընտրելու իրավաչափ անհրաժեշտությունը։

«Պատրաստվում ենք բողոքարկել որոշումը, քանի որ ներկայացված հիմնավորումները չեն կարող ձերբակալման համար հիմք հանդիսանալ։ Ձերբակալման մասին որոշումը կայացվում է, երբ կա վտանգ, որ կասկածյալը կարող է թաքնվել նախաքննությունից։ Գագիկ Խաչատրյանն իրավապահների կանչով կիսատ էր թողել իր բուժումը Գերմանիայում ու վերադարձել Հայաստան՝ տեղյակ լինելով իր նկատմամբ քրգործի մասին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ եթե մարդը փախուստի նպատակ ունենար, ապա չէր ներկայանա։ Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրգործով արդեն վեց ամիս է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Փաստաբանը հայտնեց, որ Խաչատրյանն այսօր առավոտվանից մասնակցել է բոլոր քննչական գործողություններին ու իր կամքով է ներկայացել՝ չնայած կազմվել է բերման ենթարկելու արձանագրություն։ Փաստաբանը հայտնեց, որ Խաչատրյանը ներկայումս կասկածյալի կարգավիճակում է, մեղադրանք չի առաջադրվել։

Տեսանյութեր

Լրահոս