
«Գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին փնտրում, այդպիսի փաստաթղթեր չկային». Գագիկ Խաչատրյանի պաշտպան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
«Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել»,- այս մասին ժամեր առաջ հաղորդագրություն էր ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Ձերբալակությունից հետո ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հրատապ ճեպազրույց են հրավիրել: Լրագրողների հետ զրուցյում պաշտպաններից Երեմ Սարգյսանը անդրադարձավ առավոտյան տեղի ունեցած խուզարկություններին, և, մասնավորապես, պատասխանեց այն հարցին, թե՞ ինչ էին փնտրում խուզարկության ընթացքում.
«Առավոտից խուզարկություններ են կատարվում բնակության վայրում և Ծաղկաձորում գտնվող բնակության վայրում: Ըստ էության, իմ գնահատմամբ, էնպիսի առարկաներ չկան, որոնք կարող են գործի համար էական նշանակություն ունենալ կամ, ասենք, դրանք ոչ օրինական էին: Օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են»:
Հայտնաբերված միլիոնավոր դոլարների մասին հարցին պաշտպանը պատասխանեց հետևյալ կերպ. «Բացառվում է: Խուզարկության ժամանակ նման հանգամանքներ չկային և չէին էլ կարող լինել:
Գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր էին փնտրում, այդպիսի փաստաթղթեր չկային, դրա համար չեն առգրավվել, հետևաբար չգիտեմ՝ ինչի համար էին փնտրում»,- ասաց Երեմ Սարգյսանը: