Պլան «Բարբարոսան» կամ Ամուլսարը մոռանալու իմիտացիան
ՀՀ քաղաքական դաշտում դեպքերը հաջորդում են միմյանց, և սովորական քաղաքացին բառացիորեն տեմպին չի դիմանում։ Տևական ժամանակ է՝ լրատվականներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում կձերբակալվի Սերժ Սարգսյանը։ Իրականում հնարավոր է, որ հենց այդպես էլ դեպքերը զարգանային, և նա հայտնվեր ԱԱԾ մեկուսարանում, եթե չլիներ հանրային նման ռեակցիա և ՀՀԿ-ականների և ֆեյսբուքյան օգտատերերի «մեմ» դարձրած ֆլեշմոբ հիշեցնող բազմաթիվ ակցիաները։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Փաշինյանն իր կուլիսային քննարկումներում «պլանների» պակաս չունի, և մի պլանի «փուստ» գնալու դեպքում միանգամից առաջ է քաշվում հաջորդը։
Այսպես, առավոտյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն իր քննչական դեպարտամենտով խուզարկություններ է սկսել նախկին ֆիննախարար, նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանն ու նրան պատկանող մյուս տարածքներում և օբյեկտներում։ Ավելի ուշ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը հայտարարեց, որ նա բերման կենթարկվի ԱԱԾ՝ հարցաքննության նպատակով՝ չբացառելով հնարավոր ձերբակալությունը։
Տեղի ունեցած դեպքերը կանխատեսելի էին, քանի որ Փաշինյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է հերթական տեսարանը, հերթական «արի ասեմ» կամ «ասֆալտին փռեմ» օպերացիան, որպեսզի հանրության մոտ հերթական էյֆորիկ օվացիաների ռաունդն ապահովի։ Ոչ ոք կասկած չուներ, որ մինչև սեպտեմբեր քաղաքական դաշտում լինելու է ինչ-որ «բումային» ակցիա, որպեսզի բնակչությունը հերթական անգամ «հպարտանա իր հզոր իշխանությամբ»։
Նման ձերբակալությունը կարող էր տեղի ունենալ դեռևս մեկ տարի առաջ, երբ ձերբակալվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սա կարող էր լինել տրամաբանական շղթայի հաջորդ օղակը, սակայն դա այդ ժամանակահատվածի համար կլիներ, ինչպես ասում են՝ «պերեդոզ», և հանրության աչքին կկորչեր Խաչատրյանի ձերբակալության փաստը, ուստի կոմբինատոր Փաշինյանի համար պետք էր կոնկրետ դիպուկ էտապ, որպեսզի նա կարողանա բեմադրել իր հերթական թոք-շոուն, որը, կասկածից վեր է, որ ստացվածների շարքից կլինի (մոտավորապես նույն ոճի ու հետևանքների, ինչպիսին եղավ գեներալ Մանվելի դեպքում, երբ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցներն ամիսներ անց սկսեցին հրապարակավ հայտարարել, թե տուշոնկաների գործում ինչ-որ բաներ իրականությանը չեն համապատասխանում)։ Արդեն կասկածից վեր է, որ իր օրեցօր ընկնող վարկանիշը փրկելու համար Նիկոլ Փաշինյանին պետք էր փրկօղակ, և դա Գագիկ Խաչատրյանը դարձավ։
Ի դեպ, նշենք, որ Խաչատրյանի հնարավոր ձերբակալության մասով խոսվում է ավելի քան մեկ տարի, և թեմային մոտ կանգնած մարդկանց համար դա այդքան էլ անսպասելի իրադարձություն չէր։ Խաչատրյանը Փաշինյանին ներկայումս պետք է մի քանի առումով․ նախ հանրության մոտ բավականին սրված վիճակ է՝ կապված Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ընթացող գործընթացների հետ, երբ Փաշինյանը, թեման իր վրայից «գցելով», բոլոր վեկտորներն ուղղեց դեպի Քննչական կոմիտե։
Երկրորդ. Ստամբուլյան կոնվենցիայի ռիսկերի հետ կապված հանընդհանուր քննադատական դիսկուրսը, որն այսօր առկա է հանրության մոտ։ Սրանք դրվագներ են, որոնց շուրջ զարգացող կրակը շուտափույթ «մարման» կարիք էր պահանջում։ Հավելենք ևս մի կարևոր փաստ․ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ամուլսարի թնջուկի վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է, և մինչ այդ Փաշինյանի առաջ հստակ ժամկետ է դրված՝ հանրային դժգոհությունները հնարավոր և անհնարին բոլոր մեթոդներով, այդ թվում՝ բռնի ճնշումներով, կասեցնել, ամեն զարգացում, իսկ Խաչատրյանի նման մեծ «ձկանը» ձերբակալելով՝ նա կարողանում է որոշակի ժամկետով թեման նախ՝ շեղել նման «երկրորդական» հարցերից, ապա նաև՝ ժողովրդի աչքին հերթական անգամ «սուպերմեն» երևալ։
Հատկանշականն այն է, որ այդ մարդիկ երբեք չեն հիշում և չեն կարևորում այն, թե` ի սկզբանե ինչպես է ձևավորվել իրենց կույր հավատը տեղեկատվական մանիպուլյացիաների նկատմամբ: Որքան էլ անհերքելի փաստեր ներկայացվեն, միևնույն է, նա մնում է իր կարծիքին: Եվ հակառակը` այդ նույն տեսակը, եթե չի հավատում, որքան ուզում ես անհերքելի փաստեր ներկայացրու, միևնույն է, չի հավատալու:
Երկու դեպքում էլ համոզմունքը հիմնովին փոխվում է միայն այն ժամանակ, երբ տվյալ մարդն անձամբ իր, իր հարազատի, ընտանիքի կամ շատ մտերիմների մաշկի վրա զգում է իր սխալի անմիջական կործանարար հետևանքները: Այդպիսիները պետության նկատմամբ օրով և ժամով ահագնացող վտանգն ընդհանրապես չեն զգում: Ցավոք, այդ դեպքում նրանց համար շատ ուշ է լինում՝ շտկելու իրավիճակը, և ստիպված են լինում, լավագույն դեպքում, նորից սկսել զրոյից: Շատ բնական է, որ այդ պայմաններում փրկիչների ընտրության հարցում այդ կարգի մարդիկ այլևս ընտրություն չեն կատարում, երբեք ոչնչից չեն խորշում: Նրանց առողջ դատողությունը մթագնում է, երբ նրանք սկսում են պայքարել, իրենց կարծիքով, իրենց «երջանկությունը խլած» և իրենց «կյանքը խորտակած» մարդու կամ մարդկանց խմբի դեմ: Ընդ որում` չկայացածները պայքարում են՝ առանց գիտակցելու, իսկ կայացածները` անձնական շահից, նախկինում չգնահատված կամ ոչ բավարար գնահատված լինելու բարդույթից, իսկ երբեմն էլ` նախկիննների և իրենցից առավել հաջողակների նկատմամբ զուտ մարդկային նախանձից ելնելով:
Արմեն Հովասափյան