
«Կազմակերպվում է դավադրություն». Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
«Կարծում եմ արդեն պահը հասել, որ ես հրաժարական տամ և դրա պատճառները մի քանիսն են: Որոշումը մի ամիս առաջ եմ կայացրել: Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ո՛չ Սպորտի նախարարության, ո՛չ ըմբշամարտի ֆեդերացիայի և ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի հետ: Երեք ղեկավար կողմն էլ դեմ է եղել իմ որոշմանը: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամսիներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանականում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ջուլֆալակյանը և հավելեց, որ կազմակերպվում է դավադրություն, որի պատճառն ինչ-որ տեղ իր համար հասկանալի է:
Նրա խոսքով` մարզիկների՝ երկու բևեռի բաժանվելը վատ կանդրադառնա հավաքականի վրա: Լևոն Ջուլֆալակյանն ընդգծեց նաև, որ հետագայում ըմբշամարտի հավաքականի արդյունքների շարունակական լինելու համար գլխավոր մարզիչը պետք է պատրաստված լինի, ով կկարողանա ավելի լավ մարզիկների պատրաստել և ավելի շատ մեդալներ բերել Հայաստանի հավաքականին: