Հրազենից մահացած ԱԱԾ նախկին աշխատակիցը պնդում էր՝ հալյուցինագեն միջոցներ են իր նկատմամբ օգտագործել իրենից ազատվելու համար. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին աշխատակից Սարմեն Ղահրամանյանն ինքնասպանություն է գործել: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով: Մեր տեղեկություններով՝ Սարմեն Ղահրամանյանի հարազատները իրավապահներին հայտնել են, որ նա առողջական խնդիրներ ուներ, տեսիլքներ էր տեսնում ու «սատանաների քշում»:
Սարմեն Ղահրամանյանը 16 տարի աշխատել է ԱԱԾ-ում, 2012 թվականին արձակվել է ծառայությունից առողջական խնդիրների պատճառով:
Տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Սարմեն Ղահրամանյանը պատմել է, որ 2012-ին հերթական արձակուրդի ժամանակ, երբ գնացել էր հորական տուն՝ Ասկերան, տարօրինակ զրույցներ ու ձայներ է լսել, այդ ձայներն իրեն հայհոյում էին, սպառնում…հոգետանջված ինքնասպանության փորձ է կատարել, բայց հրաշքով կենդանի է մնացել:
Արձակուրդից վերադառնալուց հետո իր հետ կատարվածը նա պատմել է ԱԱԾ բժշկին, ինչից հետո էլ նրա առողջական խնդիրները դարձել են քննարկման նյութ: ԱԱԾ այն ժամանակվա մամուլի պատասխանատու Արծվին Բաղրամյանը, թեեւ դեռ տարիներ առաջ էր հաստատել Ղահրամանյանի անառողջ լինելու հանգամանքը, ինքը Ղահրամանյանը տարածել էր, որ այդ վիճակին իրեն հասցրել են հալյուցինագեն միջոցների օգտագործմամբ, որ աշխատանքից ազատեն: Նա պատմել էր, որ գյուղի իր ծանոթները պարբերաբար տեղեկացրել են իրեն հարցնող ինչ-որ մարդկանց մասին, որոնք նույնիսկ իր բացակայությամբ իր տուն են մտել, դիմացի հեռագրատան լարերի վրա ինչ-որ սարքեր են ամրացրել:
Նա աշխատանքից ազատվելուց հետո նամակ էր ուղղել տարբեր վերադաս ատյաններ՝ ՀՔԾ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, լրատվամիջոցներին, որում նկարագրում էր, թե ինչպես են ԱԱԾ-ում ազատվել իրենից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: