Մարտունու բժշկական կենտրոնը համալրվել է շտապօգնության ծառայության ևս մեկ բրիգադով
Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը 2019 թվականի օգոստոսի 26-ից աշխատելու է երկու բրիգադով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, շտապօգնության ծառայության երկրորդ բրիգադը ձեւավորվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացրած պահանջի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիման վրա: «Շտապօգնության երկրորդ բրիգադի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր՝ ելնելով շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունից եւ կանչերի քանակական աճից: Գեղարքունիքի մարզպետարանի պահանջին ՀՀ կառավարությունը դրականորեն եւ ժամանակին արձագանքեց, եւ այսօրվանից մենք ունենք շտապօգնության երկրորդ բրիգադը՝ շտապօգնության մեկ ավտոմեքենայով եւ սպասարկող անձնակազմով: Բրիգադն արդեն սպասարկել է մի քանի կանչեր: Նոր բրիգադի ստեղծումը կթեթեւացնի բժշկական կենտրոնի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ կբարձրացնի բուժսպասարկման որակը»-հավաստեց Մարտունու ԲԿ տնօրենը:
Խոսրով Խլղաթյան