Բաժիններ՝

Լճաշենը հյուրընկալեց Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին

Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմի անդամները, դպրոցի մանկավարժները եւ համայնքի բնակիչները շուքով ու աղուհացով դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ուխտագնացության ժամանած Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին՝ ատենապետուհի Անահիտ Տանձիկյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Լճաշենի մշակույթի տան բակում պատվավոր հյուրերին երաժշտական կատարումներով ողջունեցին Լճաշենի արվեստի դպրոցի սաները:Իսկ մշակույթի տան դահլիճում հրավիրված միջոցառմանը առաքելության ղեկավար, մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը ներկայացրեց միության անդամների այցի ու հյուրընկալության բուն նպատակը:«Այսօր հայ գյուղն ու գյուղացին հոգածության եւ ուշադրության լուրջ կարիք ունեն: Միության ատենապետուհի տիկին Անահիտ Տանձիկյանն անձամբ ցանկացավ միության որոշ անդամների աջակցությամբ օժանդակություն ցուցաբերել լճաշենցի անապահով ընտանիքներին ու մեր արվեստի ու միջնակարգ դպրոցների երգի-պարի խմբերին, ինչպես նաեւ ծանոթանալ Լճաշենի պատմական անցյալին, հոգեւոր ու մշակութային արժեքներին, համայնքի առօրյային»-ներկայացրեց Պապին Մուրադյանը:

Ապա հյուրերին ողջունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը եւ Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը: «Ձեր պատրաստած զգեստներով ենք մենք մայր Աթոռում ներկայանում պատարագներին եւ տարբեր միջոցառումներին: Ձեր իրականացրած բարեգործական ձեռնարկները շատ նկատելի են տարբեր վայրերի մեջ, սակայն նյութականից ավելի ես կարեւորում եմ այն գաղափարական կողմը, որ դուք իրականացնում եք մեր ազգի միասնության համար: Ձեր նման ազնիվ տիկնանց շնորհիվ ձեր կազմակերպությունն արդեն վաթսուն տարի անշահախնդրորեն ծառայում է հայ ազգին եւ եկեղեցուն, եւ այդ ծառայությունն այսօր հասել է նաեւ Գեղարքունյաց թեմ, ինչը ձեր կառույցի վաթսունամյա հոբելյանին ընդառաջ նշանավորում է շատ կարեւոր ձեռնարկի մասին ու մեզ առավել պարտավորեցնում »- Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության անդամներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը: «Դուք հյուրընկալվել եք մի համայնքում, որը շատ հարուստ է պատմամշակութային ու հոգեւոր արժեքներով, տնտեսական ձեռքբերումներով: Մենք առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կավարտենք մեր նորակառույց եկեղեցու շինարարությունը, իսկ այս տարվա մեջ՝ պատմագիտական թանգարանի հիմնումը: Ձեր այցը մեր համայնք, ձեր բարեգործական ձեռնարկը մեզ ավելի են քաջալերում՝ նվիրվելու մեր հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը»-ողջույնի խոսքում շեշտեց Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը:

« Հայաստանում այսօր իրականացվող ավելի քան հինգ հարյուր սուբվենցիոն ծրագրերի ցանկում բացառիկ է Լճաշենի թանգարանի հիմնման ծրագիրը, որի իրականացմամբ մենք եւս մեկ քայլ առաջ ենք անում դեպի մեր հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանումը: Մյուս կողմից էլ ոգեւորվում ենք այն մտքից, որ «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» գործունեության շրջանակը ծավալվել ու հասել է մեր մարզ, ու այս քայլով այսօր դրվում են մեր համագործակցության հիմքերը, որոնց արդյունքում կիրականացվեն նոր ու կարեւոր քայլեր մեր հոգեւոր կյանքում»-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Գնել Սանոսյանն ազգանպաստ գործունեության համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության » ատենապետուհի Անահիտ Տանձիկյանին: «Շատ ուրախ ենք գտնվել այստեղ, մեր պատմական հայրենիքին մեջ, ուխտագնացություն ձեռնարկելով Լճաշենի մը նման հնագույն բնակավայրում:Վաթսուն տարի առաջ Բեյրութի մեջ հայ մայրերու ջանքերուն շնորհիվ ստեղծված մեր կազմակերպությունն այսօր օգտակար կըլլա մեր ազգին ու եկեղեցուն, հայ գյուղերուն ու հայ ժողովրդին: Լճաշենի անունը, նրա ժողովրդի ստեղծած հոգեւոր արժեքները մենք կը տարածենք աշխարհով մեկ»,-նշեց Անահիտ Տանձիկյանը:

Առաքելության ղեկավար Պապին Մուրադյանը Լճաշենցիների կողմից Անահիտ Տանձիկյանին հանձնեց մի շարք խորհրդանշական նվերներ ու Գրիգոր Մարտիրոսյանի հեղինակած «Լճաշեն» գիտական ու ճանաչողական նշանակության գիրքը:

Միջոցառումն ընթացավ Լճաշենի Աշոտ Տեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հոգեւոր ու աշխարհիկ երգչախմբերի գեղարվեստական կատարումներով: Միջոցառման ավարտից հետո հյուրերն այցելեցին Լճաշենի պատմամշակութային վայրեր , արժանացան լճաշենցիների հյուրասիրությանն ու հյուրընկալությանը՝ նրանցից բաժանվելով հարուստ ու անմոռանալի տպավորություններով:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս