Ցորենի ալյուրի մեջ վիտամին D-ի ավելացումը կօգնի նվազեցնել հոգնածությունը. գիտնականներ
Որոշակի մթերքների, ներառյալ ցորենի ալյուրի հարստացումը վիտամին D-ով կարող է նպաստել հոգնածության, մկանային ցավերի եւ նույնիսկ սրտի անբավարարության զարգացման ռիսկի նվազեցմանը: Այս եզրակացությանն է հանգել բրիտանացի բժիշկների խումբը կատարված հետազոտության հիման վրա, որի արդյունքների մասին հաղորդել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան:
Գիտնականները հիշեցնում են, որ վիտամին D-ն արտադրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ, դրանից է կախված այնպիսի տարրերի յուրացման գործընթացը, ինչպիսիք են ֆոսֆորը եւ կալցիումը, ինչպես նաեւ նյութափոխանակությունը:
Մասնագետները հայտնաբերել են, որ եղանակային պայմանների պատճառով Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը տառապում է այդ վիտամինի պակասությամբ: Դա առանձնապես ցայտուն է դրսեւորվում ձմեռային շրջանում (հոկտեմբերից մինչեւ ապրիլ), երբ արեւը հազվադեպ է ուրախացնում բրիտանացիներին:
Այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս վիտամին D ավելացնել մթերքների, այդ թվում ալյուրի մեջ, որը մտնում է թագավորության բնակիչների կողմից գործածվող շատ կերակրատեսակների բաղադրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: