Ինչո՞ւ Ամուլսարի դեպքում «սաղ Սերժն ա մեղավոր» կարգախոսը չաշխատեց

Ամուլսարի շուրջ թեժացող մթնոլորտը մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ 1 հարցը: Հարյուրավոր կարծիքների և տեսակետների մեջ, սակայն, բացակայում է հարցի քննարկման հետևյալ դիսկուրսը. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չփորձեց խնդրի մեջ մեղադրել նախորդ իշխանություններին:

Համաձայնեք, որ ամեն անպատեհ առիթով «սաղ Սերժն ա մեղավոր» բղավող վարչապետի պարագայում բավականին հետաքրքիր հարց է: Այնինչ Փաշինյանի շուրթերից արդեն կլիշե դարձած նախորդ իշխանություններին մեղադրող մանտրան այդպես էլ չհնչեց: Թեպետ իր մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և իշխանամերձ ֆեյքային բանակը փորձեցին դա անել ինքնուրույն՝ խաղացնելով «նախկին հանցավոր ռեժիմի» թեզը, սակայն առանց Փաշինյանի մասնակցության՝ այդ տեղեկատվական գրոհը դատապարտված էր անհաջողության:

Իհարկե, կասկածից վեր է, որ, եթե Քնnչական կոմիտեն կոռուպցիոն գործարքի կամ խախտման մասին անգամ մի թեթև տվյալներ ունենար, ապա վարչապետը չէր հապաղի սկանդալի մեջ ներառել նաև Սերժ Սարգսյանին և նախկիններին:

Այս իրողությունը ճիշտ ֆիքսել են և իրենց հանրային խոսքում հաջողությամբ շահարկում են հանրապետականները: Սակայն պարզվում է, որ հարցը միայն տվյալ գործարքի «մաքրության» մեջ չէ:

Նախ՝ հայտնի է, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից դեռևս 2007թ. օգոստոսի 8-ին «Գեոթիմ» ՓԲԸ-ին տրամադրվել է ուսումնասիրության թիվ 41 հատուկ լիցենզիան՝ 5 տարի ժամկետով, և 2007թ. նոյեմբերի 13-ին կնքվել է թիվ 271 լիցենզային պայմանագիրը (Գորայք գյուղի մերձակա 32 քկմ տարածքում, ազնիվ մետաղների որոնողական, որոնողա-գնահատողական աշխատանքների իրականացման նպատակով):

Նախնական հորատման աշխատանքները մեկնարկել են նույն թվականին, իսկ 2008թ. մարտին Ընկերությունը տեղեկատվություն է հրապարակել 20.000 մետր հորատման աշխատանքների մեկնարկի մասին:

Այսինքն՝ Ամուլսարի շահագործման մեկնարկը զուտ ժամանակագրորեն չի կապվում Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ: Գնանք առաջ: Թեպետ բնապահպանական փորձաքննության ժամանակագրությունը ծավալուն է, սակայն հարկ է նշել, որ առաջին անգամ Ընկերության կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվել է Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի Տիգրանես տեղամասի շահագործման աշխատանքային նախագիծը` 29.09.2009թ.: Հասարակական լսումների արդյունքներով կազմվել է համապատասխան արձանագրություն, որով հավանություն է տրվել հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծին: Հաջորդ փուլերում փորձաքննության են ներկայացվել բացահանքի ընդլայնման աշխատանքային նախագիծը, կույտային տարրալվացման հայեցակարգը, հարթակի տեղադիրքը և այլն (2012, 2014 և 2016թթ. ՇՄԱԳ-ով):

Հարկ է նշել, որ կույտային տարրալվացման հարթակի տեղադիրքը երկու անգամ փոփոխվել է Ընկերության կողմից նախատեսված տեղադիրքի համեմատ` տեղակայվելով Սևանա լճի ջրահավաք ավազանի սահմաններից դուրս (2012-2013թթ.):

Ընդ որում, երկրորդ անգամ Սևանա լճի ջրահավաք ավազանի սահմաններն էապես ընդլայնվել են` հստակեցնելով Սևանի անմիջական ազդեցության գոտու սահմանները և ընդգրկելով նաև Որոտան-Սևան թունելի առանցքից 3կմ հորիզոնական գծային չափը (ինչը մինչ այդ ընդհանրապես սահմանված չէր): Այդ կապակցությամբ ընդունվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներ և հրապարակվել են իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումներ: Կույտային տարրալվացման հարթակի ներկա տեղադիրքը հաստատվել է արդեն 2013թ.` ՀՀ կառավարության և Ընկերության համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում` հաշվի առնելով արդեն իսկ ընդունված իրավական կարգավորումները:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը և Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունն  Ընկերությունը ստացել է 2014թ. տարեվերջին, որի հիման վրա էլ արդեն սկսել է հիմնական ներդրումների ներգրավման գործընթացը:

Վարչապետի՝ Ջերմուկ կատարած այցի շրջանակներում հետաքրքիր էր Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի և Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը, որի ընթացքում Ղազարյանը բարձրաձայնեց մեր նկարագրած գործընթացի մեկ դրվագ, ու թեպետ Փաշինյանի արձագանքից կարելի էր ենթադրել, որ նա տեղյակ չի եղել նման գործընթացներին, սակայն վստահաբար կարող ենք պնդել, որ Քննչական Կոմիտեում այս և մնացած պաշտոնական փաստաթղթերը մանրամասն ուոումնասիրվել են, և Փաշինյանին զեկուցվել է, որ նախկին իշխանությունների օրոք պրոյեկտի հանդեպ իրականացվել է բավականին խիստ վարչարարություն և բնապահպանական հսկողություն, որոնց շնորհիվ բնապահպանական ռիսկերը կառավարվել են ու ընտրվել է հանքի շահագործման ամենաանվտանգ լոկացիան ու մեխանիզմները:

Արման Գալստյան

Հ.Գ. Այսքանից հետո, մեղմ ասած, շատ տարօրինակ կլինի, եթե այսօր սոցիալական ցանցերում հայտնված լուրերը՝ Ամուլսարի հանքի շահագործումը Փաշինյանի կողմից դադարեցնելու մտադրության մասին, հաստատվեն…

Տեսանյութեր

Լրահոս