«Մի խեղկատակին փոխարինում են մյուսով, պաշտոնները բաշխում են՝ «ապուշ լինի, բայց մերը լինի» սկզբունքով». Հրաչ Բերբերյան

«Ոռոգման լուրջ խնդիր կա ողջ հանրապետությունում: Ջուրը չի հասնում, բերքը չորանում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա ընդգծեց, որ հատկապես կարտոֆիլի հետ կապված լուրջ խնդիրներ կան. «Պալարը չի ձևավորվում, ինչը կազդի 1 հեկտարի հաշվարկով բերքի քաշի վրա: Դրա համար գյուղացիների մի մասը հիմա է քանդում ու քիչ-քիչ վաճառում: Շոգը չի թողնում, որ վեգետացիան ավարտվի, դրա համար բերքի կորուստ է լինում: Հիմա կարտոֆիլը մի փոքր կէժանանա, որովհետև մասսայական սկսել են քանդել՝ շոգի հետ կապված, բայց գարնանը կունենանք 500 դրամանոց կարտոֆիլ»:

Ինչ վերաբերում է հրդեհների պատճառով անասնակերի հետ կապված հնարավոր խնդիրներին, Բերբերյանը նշեց, որ այս պահին էլ կա անասնակերի խնդիր: Ըստ նրա՝ գյուղատնտեսության ոլորտը բարձիթողի վիճակում է:

«Կառավարությունն է պատասխանատու նրա համար, որ այսօր երկրում գյուղատնտեսությունը բարձիթողի վիճակում է: Խնդիրները նրանում են, որ մի խեղկատակին փոխարինում են մյուսով, պաշտոնները բաշխում են՝ «ապուշ լինի, բայց մերը լինի» սկզբունքով: Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխում չեղավ, ուղղակի դեմագոգիա է, խոսում են դրա մասին: Հանձնարարականները գեղեցիկ գնում են, բայց կատարող չկա: Այսօր մենք չենք էլ մեղադրում ԱԻՆ-ին, որովհետև ժառանգություն են ստացել սարքեր, որոնք երբեք կարկտի դեմ չեն կարող պայքարել: Այդպես էլ չգտանք այդ հեղինակին, որը ացետիլենային համակարգը փոխարինել է բութանայինով: Ով է եղել այդ ապուշը, որ նման բան է արել: Այդպես էլ չենք գտնում»:

Տեսանյութեր

Լրահոս