Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը Լիլիթ Հովհաննիսյանին պատվոգիր է շնորհել
ԱՄՆ Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի կողմից առաջին անգամ հայ արտիստը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, պատվոգրի է արժանացել: Պատվոգիրը երգչուհուն է հանձնվել իր Dream համաշխարհային շրջագայության շրջանակում Լոս Անջելեսն ընդգրկելու, փայլուն համերգ իրականացնելու, ինչպես նաև հայ մշակույթն ու երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար:
Պատվոգիրը հանձնվել է Լոս Անջելեսի Քաղաքային նիստի ընթացքում, այն վարել է խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզը: Վերջինս նիստի մեկնարկին ներկաներին ներկայացրել է Լիլիթ Հովհաննիսյանի անցած ուղին, կենսագրությունը, ինչպես նաև արտիստի հաջողությունները: Նիստին ներկա են եղել Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի բոլոր անդամներն, ովքեր ստորագրել են պատվոգրի վրա:
Արարողությունը ցուցադրվել է ամերիկյան հեռուստաընկերություններով և համացանցով:
Լիլիթ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին՝ նման բարձր պարգևի համար՝ նշելով, որ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի հայ համայնքի կյանքում:
«Շատ շնորհակալ եմ նման բարձր պարգևի արժանացնելու համար: Ինձ համար մեծ խորհուրդ և նշանակություն ունի Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից նման գնահատանքի արժանանալը: Հայոց ցեղասպանության հետևանքով 1,5 միլիոն հայ է զոհվել, հազարավոր հայեր էլ երկրորդ հայրենիք են փնտրել աշխարհի տարբեր երկրներում: Լոս Անջելեսն այն քաղաքներից էր, որ հյուրընկալել էր հայերին ցեղասպանությունից հետո: Ես շնորհակալ եմ այս քաղաքին ոչ միայն այս պատվոգրի, այլ նաև իմ հայրենակիցների նկատմամբ տարբեր ժամանակներում ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար»,- արարողության ժամանակ նշել է Լիլիթ Հովհաննիսյանը:
Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունն ընթացքի փուլում է: Համերգներն արդեն կայացել են Քուվեյթում, Ֆրանսիայում, Դանիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում և այլ եվրոպական երկրներում: Առաջիկայում համերգներ են նախատեսված ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Լիբանանում և այլ երկրներում: