Վախճանվել է հայտնի պետական և հասարակական գործիչ, բարերար Վարդգես Արծրունին
Մոսկվայում, կյանքի 78-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի պետական, հասարակական գործիչ, վաստակավոր շինարար և բարերար Վարդգես Արծրունին:
Վարդգես Արծրունին ծնվել է 1941թ. հոկտեմբերի 31-ին Կիսլովոդսկում: Ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը: Արդեն 1979-ից նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում շինարարական ոլորտում:
Նա իր կյանքը չէր զատում իր Հայրենիքի ճակատագրից եւ անում էր իրենից կախված ամեն ինչ` ամրապնդելու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները:
Վարդգես Արծրունին եղել է Խորհրդային Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, շինարարական կոմիտեի նախագահ: 1988թ. երկրաշարժից հետո ղեկավարել է աղետի հետեւանքների վերացման շտաբը: Շնորհիվ նրա անհետաձգելի միջոցառումների մասին անհապաղ կայացրած որոշումների, փրկվեցին բազմաթիվ կյանքեր:
Ավելի քան 60 տարի շինարարության ոլորտում աշխատելով, նա իր մեծ լուման է ներդրել պատմաճարտարապետական ժառանգության պահպանման գործում: նա լուրջ աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի Լազարևյան ինստիտուտի շենքի վերակառուցմանը եւ Մոսկվայի նորակառույց հայկական եկեղուցու հողհատկացմանը: Մշտապես ակտիվ քննարկումներ է կազմակերպել հայոց ցեղասպանության, հայկական հարցի, ժամանակակից Թուրքիայի կողմից վարվող հակահայկական եւ հակառուսական քաղաքականության թեմաներով: Հիմնադրել եւ հովանավորել է Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտը:
Նա հովանավորել է նաեւ մի շարք հուշարձանների եւ քանդակների նախագծումը, պատրաստումն ու տեղադրումը թե Հայաստանում, թե Ռուսաստանում: Նրա վերջին ցանկությունն էր իր կողմից պատվիրված եւ արդեն պատրաստված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղադրումը Երեւանում` ի նշան երախտիքի` նրա հայանպաստ գործունեության:
Վարդգես Արծրունու կյանքի անցած ճանապարհը մարդկային արժանապատվության եւ իմաստնության վառ օրինակ է:
Վարդգես Արծրունու հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 24-ին Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տաճարի տարածքում: