
Զուրաբիշվիլին հորդորել է ԵՄ-ին՝ նոր անդամների ընդունման ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել

Վրաստանը գտնում է, որ ներկա պայմաններում, երբ Եվրամիությունն զբաղված է ներքին խնդիրների լուծմամբ, ինչի պատճառով ընդլայնման եւ հանրակցության մեջ նոր անդամների ընդունման գործընթացի հետ բարդություններ են ծագում, հարկավոր է օգտվել ոչ ստանդարտ գործիքներից: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 22-ին հայտարարել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում միջազգային քաղաքականության հարցերին նվիրված խորհրդաժողովում:
«Քանի որ ԵՄ-ի ընդլայնման ուղիղ ճանապարհը ժամանակավորապես արգելափակված է այն բանի պատճառով, որ Եվրոպան զբաղված է ներքին խնդիրների լուծմամբ, հարկավոր է պլանավորել ոչ ստանդարտ միջոցներ եւ պատրաստ լինել նոր մեթոդների ու համարձակ քայլերի»,- ասել է նա:
Նախագահի խոսքով՝ Վրաստանը, մինչեւ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալը, պատրաստ է բանակցություններ վարել հանրակցությանը անդամակցելու համար անհրաժեշտ համապատասխանության բաժինների շուրջ:
«Պետք է օգտվել ցանկացած հնարավորությունից, այդ թվում՝ նրանցից, որոնք չկան դասագրքերում: Օրինակ՝ կարելի է բանակցություններ վարել առանց ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակի: Դա թույլ կտա Վրաստանին մոտենալու նրան, ինչն իրապես գործում է Եվրոպայում»,- նշել է նա:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Թբիլիսին պատրաստ է նման բանակցություններ վարել այն բաժինների շուրջ, որոնք վերաբերում են մշակույթին, կրթությանը, սոցիալական ապահովությանը, տրանսպորտին, տնտեսության առանձին հատվածների: