ԱՄՆ-ի և «Թալիբանի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Դոհայում. Reuters
ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների իններորդ փուլն են սկսել Աֆղանստանում զինված հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությոնը՝ վկայակոչելով թալիբների ղեկավարության աղբյուրներ եւ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:
Բանակցությունների նպատակը ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ համաձայնագրի կնքումն է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման եւ թալիբների կողմից ամերիկյան կողմին անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Դոհայում մեկնարկած բանակցություններում ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է Աֆղանստանի խնդրով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:
Ամերիկյան պաշտոնական աղբյուրի խոսքով՝ կոնսուլտացիաներից հետո ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը կուղեւորվի Քաբուլ:
«Խալիլզադը Աֆղանստանի ղեկավարներին կտեղեկացնի խաղաղ համաձայնագրի մասին եւ այնուհետեւ կավարտի Աֆղանստանում պատերազմի ավարտման մասին հռչակագրի պատրաստման աշխատանքը», հայտնել է նա գործակալությանը:
Բանակցությունների ութերորդ փուլը Դոհայում տեղի է ունեցել օգոստոսի 3-12-ը:
Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Վաշինգտոնի եւ թալիբների միջեւ կոնսուլտացիաների ընթացքը եւ հայտնել, որ իր երկիրը մտադիր է նվազեցնել իր զորքերի թվաքանակն Աֆղանստանում, իսկ հետո որոշել՝ մնալ այնտեղ հետագայում, թե՝ ոչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: