Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա
Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա:
Աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար և անտառտնտեսության 2 աշխատակից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի ընդհանուր մակերեսը վերոնշյալ տարածքում կազմել է մոտ 150 հա:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ, յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 92 փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20, Եղվարդ քաղաքից 15 և Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:
Օգոստոսի 21-ին, ժամը 02:15-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Պարզվել է, որ Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, որը մեկուսացվել է ժամը 18:15-ին. սահմանվել է հերթապահություն: