«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ». պատմական արդյունքի ճանապարհին
Եվրագավաթների նախընտրական փուլի սկզբում երկու ակումբներն էլ դժվարությամբ էին պատկերացնում, որ կարող են պայքարել խմբային փուլի համար, սակայն լավ և արդյունավետ ֆուտբոլը տվեց իր արդյունքները: Արդեն այսօր «Արարատ-Արմենիան» հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ պայքարելու է Եվրոպա լիգայի խմբային փուլում խաղալու համար: Երկարատև պատերազմը հաղթելու համար մնացել է հաղթել վերջին երկու ճակատամարտերը:
«Արարատ–Արմենիա»
«Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի բարձրագույն առաջնության չեմպիոն և իրավունք վաստակեց խաղալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Բայց Վարդան Մինասյանի թիմը չկարողացավ հաղթահարել շվեդական ԱԻԿ-ին՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով 3:4 հաշվով:
«Արարատ-Արմենիան» շատ հաճելի տպավորություն է թողնում ՝ հակառակ բազմաթիվ կանխատեսումների: Նախորդ փուլերում հայկական ակումբը կարողացավ հաղթահարել համեստ «Լինքոլն Սիթիի» (2:0 և 2:1) և շատ փորձառու «Սաբուրթալոյի» (1:2 և 2:0) արգելքները:
Հայկական ակումբի ռուս ֆուտբոլիստ Անտոն Կոբիալկոյի կարիերայում սա առաջին եվրագավաթային մրցաշրջանն է, բայց նա կարողացել արդեն գոլեր խփել նախորդ 4 հանդիպումներում:
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքով, իրենք շատ լավ տիրապետում են տեղեկատվությանը մրցակցի դավանած ֆուտբոլի մասին և ամեն ինչ անելու են իրենց ֆուտբոլը ցուցադրելու համար:
Ըստ գլխավոր մարզչի, թիմը չունի կադրային խնդիրներ, քանի որ բոլորը վերականգնվել են վնասվածքներից: Այս խաղին կբացակայի միայն թիմի ավագը, ով որակազրկված է:
Մինասյանը և ակումբի ֆուտբոլիստները չեն թերագնահատում մրցակցին, քանի որ լյուքսեմբուրգյան թիմն ավելի փորձառու է եվրագավաթներում, հագեցած է շատ լեգեոներներով և որակյալ ֆուտբոլ է խաղում:
Մինասյանի խոսքով, այս խաղում թիմը փորձելու է չվախենալ, խաղալ հարձակվողական ֆուտբոլ և ամեն ինչ անել տանը գոլեր խփելու և հաղթելու համար՝ չնայած նախորդ խաղը ցույց տվեց, որ հնարավոր է պարտվել տանը և հաղթել դրսում:
«Դյուդելանժ»
Չեմպիոնների լիգայում տանն ընդունած գոլի պատճառով «Դյուդելանժը» չկարողացավ հաղթել համեստ «Վալետայի» (1:1 և 2:2): Սակայն, նախորդ փուլում լյուքսեմբուրգյան ակումբի ֆուտբոլիստները հաղթահարեցին էստոնական «Կալյուի» դիմադրությունը (3:1 և 1:0)՝ չնայած հակառակորդի դաշտում թույլ խաղին:
Անցած հանգստյան օրերին ակումբը հերթական առաջնության շրջանակներում պարտվեց «Ժենեսային»՝1:3 հաշվով:
«Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան համաձայն չէ, որ իր թիմն է այս խաղի ֆավորիտը, քանի որ թիմից գնացել են շատ ֆուտբոլիստներ, և հիմա թիմը նորից է կառուցվում:
Ֆերերան հայկական ակումբին համարել է հոգեբանորեն ուժեղ թիմ, քանի որ նախորդ տուրում տանը պարտվելուց հետո այն հաղթեց մրցակցի հարկի տակ: Ֆերերայի խոսքով, «Արարատ-Արմենիան» հաղթեց մի խաղում, որտեղ նրանից ոչ ոք հաղթանակ չէր սպասում:
Վիճակագրություն
- Վերջին չորս խաղերում «Դյուդելանժը» բաց է թողել հինգ գոլ
- «Արարատ-Արմենիան» տանը գոլի հեղինակ է դառնում 14 խաղ անընդմեջ
- «Արարատ-Արմենիան» երեք անընդմեջ հաղթանակ է տարել
Մասնագետները կարծում են, որ այս խաղում հաղթանակի հավակնորդը հայկական ակումբն է, ով վերջին տուրերում ավելի վստահ և հարձակողական խաղ է ցուցադրել: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանում 19:00-ին: Հանդիպման տոմսերի մեծ մասը սպառվել է:
Սիրարփի Աղաբաբյան