Արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը զրկել է նոտարներին Երևանի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից. ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ գործողությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը, ինչի արդյունքում թույլ տված ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին, ինչպես և մի շարք նոտարների պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնասներ:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով, նոտարների բացատրություններով և ձեռք բերված փաստական այլ տվյալներով, ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց հետ միասին, 2012-2013 թվականներին Բաղրամյան պողոտայում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալներով, տվել է բանավոր կարգադրություններ՝ չկատարելու դեպքում խոչընդոտել մասնագիտական գործունեությունը կամ ազատել աշխատանքից:
Իսկ Բագրատունյաց պողոտայում գործող նոտարին գցել են մոլորության մեջ: Այդպիսով զրկել են նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից:
Այնուհետև իրենց հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ՝ փաստացի կազմակերպել և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված աճուրդների, «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու արդյունքում, շուկայականից անհամեմատ ցածր արժեքներով գնահատելով՝ Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել նշված անշարժ գույքերը:
Հետագայում նույն քաղաքացիների անունից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր գներով նույն տարածքները վարձակալությամբ հանձնել են նոտարներին: Ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին և նոտարներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: