«Ղազախը դուրս է գալիս ու ասում է՝ «շնորհակալություն ձեր հայերին, փողը տալիս ենք, գործերս արագ անում են»». քաղաքացին՝ Վանաձորի մաքսատանը բախվել է խնդիրների
Տավուշի մարզի բնակիչ Արտակ Դանիելյանը սեփական մեքենան Վրաստանից ներկրելիս բախվել է Վանաձորի մաքսատան աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքին: 168.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց խնդիրը` ասելով. «Առավոտ գիշերով գնացինք էնտեղ, ԿՊՊ-ից մեզ ներկայացրին, որ հերթով ցուցակագրվում են. ով գալիս է, իր հերթին մտնում է: Ամեն մեկս մեր անունները գրեցինք: 6 հայ 10-16-րդ հերթում էինք, ու ղազախներն այդ ընթացքում անընդհատ մտնում են-մտնում են, մինչև երեք անց կես մտան, մեզ ոչ մի բանի տեղ չդրեցին, և ղազախը դուրս է գալիս ու ասում է՝ «շնորհակալություն ձեր հայերին, փողը տալիս ենք, գործերս արագ անում են»:
Մեր հարցին, թե տեղում չփորձեցի՞ք պարզել՝ ինչ է կատարվում, նա արձագանքեց. «Բրոկերներն էին դուրս գալիս ու ասում էին, որ դա օրինական է՝ 20 հազար մուծում ես բրոկերին, ու բրոկերն առանց որևէ հերթի գործն առաջ է գցում:
Ես պահանջում եմ ինձ ներկայացնել փաստաթուղթ, որի վրա սևով սպիտակին գրված կլինի, որ բրոկերն իրավունք ունի 20 հազար դրամի դիմաց իմ իրավունքները ոտնահարել:
ԿՊՊ-ի աշխատակիցն արդեն 2:30 ժամանակահատվածում նեղված վիճակում մեզ թույլ է տալիս ներս մտնենք, մինչդեռ ներսից չէին թույլատրում, որ մենք ընդհանրապես մուտք գործենք, մինչև ղազախներին չճանապարհեն:
Մեր թղթերը չընդունեցին՝ ասելով, մինչև ղազախներինը չվերջացնենք, չենք կարող ընդունել, քանի որ հերթ է գոյանում, բայց եթե հերթով առաջնորդվեինք, արդեն 60 ղազախ մտել էր ներս: Էդտեղ վիճաբանություն սկսվեց, ասեցի, որ զանգելու եմ ԱԱԾ ու տեղեկացնեմ, որ կաշառակերություն է տիրում, և նոր այդ ընթացքում մեզ ասացին՝ եկեք, ձեր գործը կանենք: Կնքեցին-ճանապարհեցին: Ես էլ իրենց ասացի, որ այս գործն այսքանով չի ավարտվելու՝ խնդրի մասին բարձրաձայնելու եմ ու տեղեկացնեմ, թե ինչ է կատարվում այստեղ:
Զարուհի Դիլանյան