
Վրաստանում թոշակի տարիքի 6000 ուսուցիչ պատրաստ է հրաժարվել աշխատանքից փոխհատուցման դիմաց

Կենսաթոշակային տարիքի հասած աշխատող մանկավարժների համար ավարտվելէ դրամական փոխհատուցում ստանալու նպատակով գրանցվելու առաջին փուլը: Ինչպես հայտարարել է Վրաստանի կրթության փոխնախարար Իրինա Աբուլաձեն, ներկա փուլում գրանցվել է կենսաթոշակային տարիքի մինչեւ 6 հազար ուսուցիչ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ին:
Ինչպես նշում է Աբուլաձեն, ուսուցիչները, որոնք աշխատանքից հեռանալու կամավոր որոշում են ընդունել, արդեն հոկտեմբերի սկզբին միագումար աշխատավարձ կստանան երկու տարվա համար: Բացի այդ, նրանց համար ցմահ կպահպանվի մանկավարժի բժշկական ապահովագրության փաթեթը:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին, դպրոցների վարչակազմերին եւ կրթական ռեսուրս-կենտրոններին գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Կենսաթոշակային տարիքի ուսուցիչները կարող են դրամական փոխհատուցում ստանալու հայտը ներկայացնել մինչեւ 2019 թվականի վերջը: Փոխհատուցման վճարումների երկրորդ փուլը կկայանա տարվա վերջին: