Իրանը պատերազմ չի սկսի տարածաշրջանում. Զարիֆ
Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել Պարսից ծոցի գոտում, բայց կպաշտպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցելության ժամանակ:
«Մենք պատերազմ չենք սկսի Պարսից ծոցում, բայց կպաշտպանենք մեզ»,- նախարարի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
Զարիֆի մեկնաբանությունը կապված է ծոցի գոտում աճող լարվածության հետ՝ օտարերկրյա լցանավերի վրա հարձակումների ու դրանց կալանման եւ տարածաշրջանում ընդհանուր քաղաքական անկայունության պատճառով:
Բացի այդ, Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում շարունակվում է լուրջ ճգնաժամը միջուկային գործարքից վերջինիս դուրս գալու եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների սահմանման պատճառով:
Իրանի ԱԳ նախարարը նախօրյակին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները:
«Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն է ձգտում վերացնել միջուկային գործարքը»: «Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,- ընդգծել է նա: Նախարարը նշել է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն է համաձայնագիր»:
«Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական է բոլորի համար»,- հավելել է նա:
Զարիֆի խոսքով՝ «Իրանը դուրս չի գա ԳՀՀԾ-ից, որովհետեւ այն լավ համաձայնագիր Է, իսկ դրա ոչնչացումը կարող է բացել «Պանդորայի արկղը»:
«Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը միջազգային իրավունքի անկյունաքարն է: ՄԵնք այսուհետեւ Էլ կպահպանենք չտարածման ռեժիմը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: