«Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է. նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի. «Փաստինֆո»
Քրեական հեղինակություն համարվող «Բոգո»-ի՝ Ռուբեն Կոստանյանի վերաբերյալ քրեական գործը նրա մասով կարճվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անձի`Ավետիս Ավետիսյանին, ում մասով գործն արդեն ուղարկվել է դատարան։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ «Բոգո»-ին, վերջինիս որդուն եւ քենակալին մեղադրանք էր առաջադրվել բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ըստ մեղադրանքի` նրանք քաղաքացուց պահանջել են 10.000 դոլար՝ 100.000 դրամի փոխարեն։ « Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացի Ա.Առաքելյանը զբաղվել է մասնավոր ուղեւորափոխադրումներով եւ ավտոմեքենա ձեռք բերել Ռուբեն Կոստանյանից։ Մասնավորապես՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վարել է վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի՝ 4000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ տարաժամկետ վճարման պայմանով, սակայն երկու ամսվա գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 100.000 դրամ, չի կարողացել վճարել։Ենթադրաբար պատճառված նյութականը վնասի փոխհատուցումը դատական կարգով ստանալու փոխարեն 2017 թվականի սեպտեմբերի 5-ին բռնություն է գործադրվել Առաքելյանի նկատմամբ՝ պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Հետագայում Առաքելյանը քենակալի միջոցով Կոստանյանին մաս-մաս փոխանցել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար»,-հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: