Սուտ է, նման բան չի եղել. Հովսեփ Փանոսյանը հերքել է, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել և ՀՀ նախագահի նստավայր է կանչել ինքը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին ՀՔԾ-ն ի սկզբանե մեղսագրում էր արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք։ Վիքիլիքսի-ի վրա հիմնվելով ՀՔԾ-ն հայտարարեց, թե Արմեն Գեւորգյանը ճնշում է գործադրել ՍԴ դատավոր Վ.Պողոսյանի վրա։

Իսկ ինչ ցուցմունք են տվել վկաները, որոնց անունը շրջանառվել է այս դրվագում։

Ստորև ներկայացնում ենք 2008թ. նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հովսեփ Փանոսյանի հարցաքննության արձանագրությունը, նշենք, որ հարցաքննության սկզբում .Հ.Փանոսյանը տեղեկություններ է տրամադրել իր աշխատանքային գործունեության մասին, ինչից հետո սկսվել է հարցաքննությունը։

Հարց. -Խնդրում եմ հայտնեք Ձեր աշխատասենյակի հեռախոսահամարը, ինչպես մինչև 2-րդ բաժնի վարիչ դառնալը, այնպես էլ՝ բաժնի վարիչ դառնալուց հետո:

Պատասխան. -Երբ դարձա բաժնի վարիչ, աշխատանքային հեռախոսահամարս էր՝ 010525670, իսկ ներքին հեռախոսահամարս՝ 1735, բայց դրանից առաջ, երբ մինչ բաժնի վարիչի աշխատասենյակ տեղափոխվելս միևնույն աշխատասենյակում նստում էինք 5 աշխատակիցներով, ունեինք ներքին հեռախոսահամարներ, յուրաքանչյուրս՝ 1 համար, որից նույնպես կարողանում էինք սովորական քաղաքային համարների զանգահարել՝ դիմացից հավաքելով 9 թիվը, բայց այդ դեպքում մեր զանգն ընդունող հեռախոսի վրա գրվում էին տարբեր համարներ, այսինքն, ամեն զանգի ժամանակ կարող էին համարները փոխվել, և ներքին համարներին մենք սովորական քաղաքային հեռախոսներից զանգեր չէինք ստանում:

Ընդ որում, ներքին համարներից զանգահարելուց կարող էին գրվել այնպիսի հեռախոսահամարներ, որոնք աշխատակիցներից որևէ մեկին չէին պատկանում, որևէ մեկը չէր օգտագործում նման հեռախոսահամար: 2008թ. դրությամբ իմ ներքին հեռախոսահամարը չեմ հիշում: Բացի ներքին հեռախոսահամարից յուրաքանչյուր աշխատասենյակում կար 1 սովորական քաղաքային հեռախոսահամար, որին դրսից զանգեր ստանում էինք: Մեր աշխատասենյակի քաղաքային հեռախոսահամարը նույնպես չեմ հիշում:

Հարց.-010588137 հեռախոսահամարը, ըստ ստացված տեղեկությունների, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության հեռախոսահամարներից է:Խնդրում եմ՝ հայտնեք այն ո՞վ է օգտագործել:

Պատասխան.-Այդ հեռախոսահամարն ինձ անծանոթ է: Հաստատ ոչ մեր սենյակի աշխատանքային համարն է եղել, ոչ էլ՝ վարչության պետ եղած ժամանակ՝ իմ հեռախոսահամարը: Ընդհանուր առմամբ՝ սկզբում 588-ով սկսվող համարները ՀՀ նախագահի աշխատակազմի համարներն են, բայց մի քանի համար էլ 588-ով սկսվող՝ կար վերահսկողական ծառայությունում: Ամեն դեպքում, կոնկրետ Ձեր նշած 010588137 հեռախոսահամարը չեմ հիշում:

Հարց.-Խնդրում եմ հայտնեք՝ ի՞նչ տեղեկություններ ունեք 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման ընթացքի և դրա արդյունքում Սահմանադրական դատարանի կայացրած որոշման, այդ որոշման կայացման համար ՍԴ անդամների նկատմամբ ՀՀ նախագահի աշխատակազմից, այդ թվում նաև՝ վերահսկողական ծառայությունից ճնշումներ գործադրելու վերաբերյալ:

Պատասխան.- Ոչ նախագահական ընտրությունների բողոքարկման, ոչ բողոքի քննության ընթացքի, ոչ էլ ՍԴ անդամների նկատմամբ ճնշումների գործադրման վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ:

Հարց.-Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2008թ. փետրվարին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված բողոքի քննության արդյունքում ՀՀ նախագահի համար ցանկալի որոշում կայացնելու նպատակով ճնշումներ են գործադրվել ՀՀ ՍԴ անդամների, այդ թվում նաև՝ Վալերի Պողոսյանի վրա, իսկ վերջինիս 010588137 հեռախոսահամարից զանգահարել և ՀՀ նախագահի նստավայր եք կանչել Դուք: Ի՞նչ կասեք այդ մասին:

Պատասխան.-Նման բան չի եղել: Այդ տեղեկությունները սուտ են: Կրկնում եմ՝ Վալերի Պողոսյանին չեմ ճանաչել և չեմ էլ ճանաչում, նրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել, 2008թ. նախագահական ընտրությունների և դրան հաջորդող որևէ գործընթացի և իրադարձության ես չեմ մասնակցել, չեմ առնչվել: ՍԴ որևէ դատավորի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ:

Հարց.-Խնդրում եմ, հայտնեք՝ ովքե՞ր են եղել 2008թ. մարտի ընթացքում Ձեզ հետ նույն աշխատասենյակում նստող աշխատակիցները:

Պատասխան.-Քանի որ հաճախ էին աշխատակիցները փոխվում, ուստի չեմ կարող ներկայումս հիշել, թե 2008թ. ում հետ եմ նույն աշխատասենյակում նստել:

Հարց.-Վիկտոր Պողոսյանը Ձեզ հետ նույն աշխատասենյակում նստել է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա նա 2008թ. մարտի ընթացքում ու՞մ հետ է նույն աշխատասենյակում նստել:

Պատասխան.- Որքան հիշում եմ՝ մի կարճ ժամանակ Վիկտոր Պողոսյանի հետ նստել ենք նույն աշխատասենյակում, բայց թե՝ ե՞րբ, չեմ հիշում: Չեմ կարող ասել նաև, թե Վիկտոր Պողոսյանը երբ ում հետ է նստել նույն աշխատասենյակում:

Հարց.-Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ սկզբում Գևորգ Մհերյանը, հետո՝ նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը Վիկտոր Պողոսյանի միջոցով փորձել են ճնշումներ գործադրել վերջինիս եղբոր՝ Վալերի Պողոսյանի նկատմամբ ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքի վերաբերյալ ՍԴ կողմից որոշում կայացնելու հետ կապված, իսկ երբ Վիկտոր Պողոսյանը զերծ է մնացել այդ ամենից, Արմեն Գևորգյանն ակնարկել է, որ մտածի իր ապագայի մասին: Ի՞նչ կասեք այդ մասին: Ի՞նչ տեղեկություն ունեք:

Պատասխան.-Նման տեղեկություն ես չունեմ, լսում եմ առաջին անգամ: Վիկտորի հետ մտերիմ էլ չենք եղել, որ նման բան հայտներ ինձ: Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին որևէ տեղեկություն չունեմ:

Հարցաքննությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 9-ին։

Տեսանյութեր

Լրահոս