
Ուռուցքաբանության և ճառագայթային բժշկության բուժկենտրոնների կառավարումը կվերապահվի ԱՆ-ին

«Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն Առողջապահության նախարարությանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 22-ի նիստի օրակարգում:
Նշված բուժհաստատություններն ընդգրկված էին «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:
Ըստ հիմնավորման, ելնելով նշված ընկերությունների հետագայում ևս որպես պետական ընկերություն գործելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով դրանց բացառիկությունը և կարևորությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը 2019թ. հունիսի 19-ին ընդունել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանվել են մասնավորեցման ցանկից։
Հաշվի առնելով, որ ընկերությունները դուրս են եկել մասնավորեցման ցանկից՝ սույն նախագծով «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հետ է վերադարձվում ՀՀ առողջապահության նախարարությանը։