Բաժիններ՝

Պաշտպանության նախարարության վառելիքի ամենախոշոր մատակարարը շարունակում է մնալ «Ֆլեշ» ընկերությունը

Պետական գնումների մրցույթներում բենզին մատակարարող ընկերություններից առավել հաճախ հանդիպում է «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերության անունը։ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի կայքի համաձայն՝ նրան հետևում է «ՄԱՔՍ ՕԻԼ» ընկերությունը։

«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը 2017 թ. հիմնադրել է Աշոտ Սալազարյանը։ Նրան է պատկանում նաև 2012-ին հիմնադրված «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ընկերությունը, որի ղեկավարն այժմ Արթուր Դանիելյանն է։ Այս 2 ընկերությունների գրանցման հասցեն նույնն է (Պուշկինի 1)։ Այս տարի «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը գնումների մրցույթում հաղթելու արդյունքում բենզին է մատակարարել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ին (307500 դրամ), «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ին (58500 դրամ), Վայոց ձորի մարզպետարանին (4.8 մլն դրամ)։

«ՄԱՔՍ ՕԻԼ»-ի հիմնադիրն ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր (մինչև 2012թ.), գործարար Հարություն Փամբուկյանն է։ Վերջինս կրկին բենզինի հայաստանյան շուկա մուտք գործեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակահատվածում։ «ՄԱՔՍ ՕԻԼ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

2019թ. պետգնումների մի քանի մրցույթներում հաղթելու արդյունքում այն բենզին է մատակարարել ՀՀ ոստիկանության զորքերին (17.8 մլն և 42մլն դրամ)՝ հաղթելով «Ֆլեշ» ընկերությանը։

Պաշտպանության նախարարության վառելիքի ամենախոշոր մատակարարը շարունակում է մնալ «Ֆլեշ» ընկերությունը։ Այս տարի անցկացված մրցույթներում այն ՊՆ-ի հետ կնքել է բենզինի (1 մլրդ 617 մլն դրամ) և դիզելային (ձմեռային) վառելիքի մատակարարման պայմանագրեր (563 մլն դրամ)։

ՊՆ-ն «ՄԱՔՍ ՕԻԼ»-ից մի քանի պայմանագրերով ձեռք է բերել 700 մլն դրամից ավելի բենզին, նաև ավիավառելիք։
«ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը ևս ՊՆ-ին մատակարարել է բենզին (38.2 մլն դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս