ԵՄ-ում չեն պաշտպանել Գրենլանդիան ԱՄՆ-ին վարձակալության տալու գաղափարը
Եվրահանձնաժողովը չի պաշտպանել Դանիայի կողմից Գրենլանդիան Միացյալ Նահանգներին անժամկետ վարձակալության տալու գաղափարը: Այս մասին Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Գրենլանդիայի խնդրի շուրջ Եվրահանձնաժողովը լիովին ընդունում է ու պաշտպանում այն դիրքորոշումը, որը հայտնել են Դանիայի վարչապետը եւ Գրենլանդիայի կառավարությունը»,-ասել է նա:
Դանիայի կառավարությունը եւ նրա ինքնավարության՝ Գրենլանդիայի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել են, որ մտադիր չեն գնալ այդ գործարքին:
Օգոստոսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ Միացյալ Նահանգները կարող են շահագրգռված լինել Գրենլանդիայի ձեռքբերմամբ եւ հնարավոր քայլը համեմատել է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքի հետ: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները հրաժարվել են ինքնավարության վաճառքը քննարկելու գաղափարից:
Օգոստոսի 20-ին Թրամփը Twitter-ում հայտնել է, որ Գրենլանդիայի շուրջ երկխոսության հեռանկարների բացակայության պատճառով հետաձգել Է սեպտեմբերի սկզբին պլանավորված այցը Դանիա եւ ընդունելությունը Մարգրետե Երկրորդ թագուհու մոտ:
Այս որոշումը հարուցել է Դանիայի քաղաքական գործիչների բացասական արձագանքը:
Գրենլանդիան տարածք է Դանիայի Թագավորության կազմում եւ 2009 թվականից ունի լայն ինքնավարության իրավունք:
Չնայած ինքնակառավարման բարձր մակարդակին, կղզու արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: