Իրանն Իրաքին առաջարկել է վերականգնել մինչև Սիրիայի նավահանգիստ ձգվող նավթամուղը
Իրանի իշխանություններն Իրաքին առաջարկել են այն նավթամուղի աշխատանքի վերականգնման նախագիծ, որն Իրաքի տարածքով ձգվում է դեպի Սիրիայի Բանյաս նավահանգիստ Միջերկրական ծովի ափին՝ Հորմուզի նեղուցում աճող սպառնալիքների լույսով, սակայն պաշտոնական Բաղդադն առայժմ չի պատասխանել առաջարկին: Այս մասին հայտնել է Իրաքի al-Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:
«Թեհրանը վերստին արծարծել է այն խողովակաշարով նավթի արտահանման նախագծի թեման, որն անցնում է Իրաքի տարածքով եւ հասնում Սիրիայի Բանյաս նավահանգիստ՝ Միջերկրական ծովի ափին: Այդ կերպ հնարավոր կլինի խուսափել ամերիկյան պատժամիջոցներից եւ գործի չդնել Հորմուզի նեղուցը, քանի որ ավելի ու ավելի շատ են դրա փակման հետ կապված երկյուղները Իրանի հետ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմական ընդհարման դեպքում»,- ալիքին հայտարարել է աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ առաջարկվում է երկու տարբերակ. կա՛մ 1000 կիլոմետր երկարությամբ նոր նավթամուղի կառուցում, որի կեսը կանցնի Իրաքով, կա՛մ իրանական կողմի հաշվին Քիրքուկ-Բանյաս նավթամուղի նորոգում, որը չի գործում 1982 թվականից: Այդ նավթամուղով կարող է փոխադրվել օրական մինչեւ 1,25 միլիոն բարել նավթ, նշել է աղբյուրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: