«Կա կարգ, որն ավելին է, քան ցանկացած նախագիծ, այդ թվում՝ նաև այդ նախագիծը». փոխնախարարը՝ «Զարթոնք»-ի մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց «Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպիչները բողոքի ակցիա էին իրականացնում։ «Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպիչները նշում են, որ նախարարությունը համաֆինանսավորման գումար չի հատկացրել: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արայիկ Խզմալյանը լրատվամիջոցների ներկայությամբ ընդունեց նրանց։
«Ես եղել եմ այս նախագծի պաշտպանը և ջատագովը, և անկեղծ ասեմ, երբ եղա Վանաձորում, շատ լայն քննարկում ունեցանք։ Բայց կա կարգ, և ըստ կարգի՝ մենք չենք կարող ֆինանսական միջոցները փոխանցել արտասահմանյան կազմակերպությանը, դրա համար խնդրել ենք՝ գտեք մի կազմակերպություն Հայաստանում, որը կկարողանա ստանալ դրամաշնորհները և կազմակերպել այդ միջոցառումները»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով՝ դրամաշնորհների կարգ կա։
«2019 թվականից մենք ուղղակի աջակցություն չենք կարող տալ որևէ կազմակերպության։ Ես ինչ նշանակվել եմ, դրամաշնորհների հանձնաժողովի միջից հանել եմ Մշակույթի նախարարության աշխատակիցներին, որպեսզի մենք որևէ խոսակցության տեղիք չտանք։ Հանձնաժողովի կազմում ամենաճանաչված ու ազնիվ մարդիկ են։ Հանձնաժողովի անդամները դեմ են քվեարկել այս նախագծին, ես եղել եմ միակ մարդը, ով կողմ է քվեարկել սրան։ Ես փորձել եմ ամեն ինչ անել, բայց դրա դիմաց ստանում եմ մեղադրանքներ։ Ես շնորհակալություն չեմ ակնկալում, բայց ասել բաներ, որոնց հետ ես կապ չունեմ, ես չեմ կարող հանդուրժել։ Կա կարգ, որը ավելին է, քան ցանկացած նախագիծ, այդ թվում՝ նաև այդ նախագիծը»։
Փոխնախարարն ընդգծեց՝ դեմ քվեարկելն ուներ իր պատճառները․ «Հանձնաժողովի անդամները ասացին՝ չենք գնալու ռիսկի ու գումար տրամադրենք մի ծրագրի, որը վաղն ավարտվում է»։
«Զարթոնք» ամառային միջազգային երաժշտական ակադեմիան գործել է օգոստոսի 4-18-ը Վանաձորում՝ կանադահայ, «Ագդել Արմենյան» հիմնադրամի նախագահ Վան Արմենյանի նախաձեռնությամբ:
«Զարթոնք» միջազգային երաժշտական ակադեմիայի նպատակը պատանի երաժիշտներին աջակցելն է` ավելի զարգացնելու իրենց տաղանդը: Ամառային ակադեմիա հյուրընկալվել են շուրջ 3 տասնյակ պատանի երաժիշտներ: Ամառային ակադեմիայի կազմակերպիչները, սակայն, դժգոհ էին փոխնախարարի պատասխաններից։ Նրանք նշեցին, որ «մեյլով» ստացել են համապատասխան գրություն, ըստ որի՝ նախարարությունը խոստացել է ֆինանսավորել։ Բայց փոխնախարարը նշեց, որ «մեյլով» ստացածը հիմք չէ, կա կարգ, որին հետևել է նախարարությունը։
«Նախարարության միջոցները հարկատուների միջոցներ են, մենք իրավունք չունենք առանց նախահաշվի, առանց փաստաթղթավորման ասել՝ դուք ծախսերն արեք, մենք այդ գումարը հետո կտանք։ Չի կարող նման բան լինել»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով՝ չի եղել որևէ կնքված պայմանագիր։
Միևնույն ժամանակ,նա նշեց, որ թյուրիմացություն հաստատ եղել է, բայց քանի նախարարության և իրականացնողի մեջ չկա կնքված պայմանագիր, իրականացնող կողմը չի կարող ծախսեր իրականացնել։