Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրեց աշխատանքը. ANSA
Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրել է իր աշխատանքը: Ինչպես օգոստոսի 21-ին հայտնել է ANSA գործակալությունը, պատգամավորական խմբակցությունների ղեկավարները որոշել են չեղարկել վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ ավելի վաղ պլանավորված ելույթը, որն օգոստոսի 20-ին հրաժարական Է տվել:
«Պատգամավորները կհավաքվեն նիստի, որտեղ կհայտարարեն պաշտոնաթողության փաստի մասին: Կառավարական ճգնաժամի կապակցությամբ հետաձգվել է նաեւ խորհրդարանականների թվի կրճատման մասին օրինագծի քննարկումը»,- ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը:
Երեքշաբթի «հինգ աստղի» շարժում» եւ «Լիգա» կուսակցություններից բաղկացած կոալիցիոն կառավարության ղեկավար Կոնտեն հրաժարական է տվել:
Նրան այդ որոշմանն են դրդել իր տեղակալ, ներքին գործերի նախարար եւ «Լիգա»-ի առաջնորդ Մատեո Սալվինիի հայտարարությունները, որն օգոստոսի 8-ին ասել Էր, թե կառավարող մեծամասնություն գոյություն չունի, ինչպես նաեւ կոչ էր արել անցկացնել նոր ընտրություններ:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օգոստոսի 21-ին քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում պարզելու՝ հնարավոր է արդյոք խորհրդարանում այլընտրական մեծամասնության ձեւավորումը, որը կպաշտպաներ նոր կառավարությանը: Խորհրդարանի պահպանման անհնարինության դեպքում այն նախագահական հրամանագրով կարձակվի եւ այնուհետեւ կնշանակվի նոր ընտրությունների ամսաթիվը (հնարավոր է հոկտեմբերին), հաղորդել է ՏԱՍՍ-ը: