«Խնդրել ենք դեսպաններին՝ հրապարակային հայտնել իրենց դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցող դատական այս պեսպրեդելի վերաբերյալ». ՀՀ երկրորդ նախագահի աջակից

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ և շարժվեցին Իտալիայի դեսպանատուն:

«Մեր այսօրվա ակցիայի նպատակը նույնն է, ինչ եղել է նախորդ դեսպանատների այցելության ժամանակ, նույնաբովանդակ նամակ ենք բերել դեսպաններին: Նամակում նշված են 29 փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ մեկ տարվա դատական պրոցեսի ընթացքում ինչ խախտումներ են տեղի ունեցել և դատաքննության, և ընդհանրապես գործի քննության վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը:

Նա ակցիան «բողոքի ակցիա» չորակեց. «Փորձում ենք ԵՄ անդամ երկրների դեսպաններին հանձնելով՝ նրանց տեսակետը և դիրքորոշումը հասկանալ»:

Գ. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դեսպանատներից արձագանք առայժմ չունեն. «Խնդրել ենք դեսպաններին՝ հրապարակային հայտնել իրենց դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցող դատական այս պեսպրեդելի վերաբերյալ»:

Մինչ այժմ եղած ԲԴԽ-ի արձագանքին անդրադառնալով՝ աջակիցն այն համարեց «անողնաշար ու անհիմն»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նման ակցիա էին իրականացրել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս