ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող անձի համար շենքի բակում կայանատեղի է առանձնացվել
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բնակության շենքի բակում ավտոմեքենան անխոչընդոտ կայանելու նպատակով առանձնացված կայանատեղի հատկացնելու հարցում:
Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմողի փոխանցմամբ՝ աշխատանքից տուն է վերադառնում երեկոյան ժամերին, ինչի պատճառով պարբերաբար խոչընդոտներ են առաջանում ավտոմեքենան կայանելու հարցում: Բացի այդ, տեղաշարժման սահմանափակումներ ունենալու պատճառով ավտոմեքենան չի կարողանում կայանել հարակից շենքի բակային տարածքում, քանի որ տվյալ դեպքում իր համար լրացուցիչ բարդություններ են առաջանում աստիճաններով բնակարան բարձրանալու հետ կապված:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում քաղաքացու բարձրացրած խնդիրը դրական լուծում էստացել։ Պետական մարմիններին ուղղված գրությունների արդյունքում Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կատարվել են համապատասխան գծանշման աշխատանքներ: